Բավ է պառակտվել
21-03-2015 14:08

Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: «Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասել է Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ: 160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ, որոնցից 120-ը մանկահասակ երեխաներ են: «Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել գարնանային արձակուրդները»,- ընդգծել է բանախոսը: Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: