Բավ է պառակտվել
03-05-2014 13:04

Սեքսուալ հագուստի գրավչության գաղտնիքները. սեքսոպաթոլոգի դիտարկումները

Գրավչությամբ օժտված և սեքսուալ հագուստով աղջիկը կամ կինը հիրավի գեղեցիկ տեսարան է իրենից ներկայացնում: Սակայն հենց տվյալ կնոջից է կախված իր արտաքին տեսքի սեքսուալության աստիճանի վերահսկումը, ինչի բացակայության դեպքում կինը ինքը սկսում է անհարմարություն զգալ՝ երբեմն փողոցում "արժանանալով" տհաճ բարձրաձայն գնահատականների: Կանացի սեքսուալ արտաքին տեսքի ազդեցությունն ու հետևանքները "գաղտնազերծելու" նպատակով gisher.news-ի թղթակիցը զրուցեց Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սևադա Հակոբյանի հետ: 

"Հագուստը և աքսեսուարները, կոշիկները որոշակիորեն կարող են խոսել մարդու սեքսուալ կյանքում տեղ գտած խնդիրների կամ սեքսուալ խնդիրների մասին: Բավականին հաճախ մենք տեսնում ենք բավականին ակնառու սեքսուալ հագնված աղջիկների և կանանց: Որոշ սեքսոլոների կարծիքով, դա, ընդհանուր առմամբ, խոսում է այն մասին, որ նա իր սեռական կյանքում ունի որոշակի հոգեսեքսուալ անբավարարվածություն, և որոշակի առումով, փորձում է փոխարինել արտաքին սեքսուալ գրավչության բարձրացմամբ՝ օգտագործելով սեքսուալ հագուստ, աքսեսուարներ և բարձրակրունկ կոշիկներ", - նշել է սեքսոպաթոլոգը:

Նրա խոսքով, իհարկե, բարձրակրունկ կոշիկները հաղորդում են աղջիկներին որոշակի գրավչություն, սակայն ազդում են կոնքի ոսկրային հենքի ձևավորման վրա և սա կարող է առաջ բերել վերարտադրողական խնդիրներ, քանի որ որոշակիորեն տձևաձնելով կոնքի կամ ողնաշարի տվյալ հատվածը, հետագայում կարող է առաջ բերել ծննդաբերության ընթացքի և հղիանալու հետ կապված խնդիրներ:

"Երբեմն դիտվում է նաև հակառակ պատկերը, երբ աղջիկները չափազանց տափակ կրունկով կոշիկներ են հագնում, և սա նույնպես գովելի չէ, քանի որ օրթոպեդիկ առումով որոշակի բարդություններ է առաջացնում՝ կոնքի ճիշտ ձևավորման հետ կապված: Հագուստի առումով շատ հաճախ ականատես ենք լինում նաև նրան, երբ մարմինը պինդ գրկող սեքսուալ հագուստը վերարտադրողական բարդություններ է առաջացնում՝ խոչընդոտելով սեռական օրգանների արյունամատակարարումը", - ասել է մասնագետը:

Սևադա Հակոբյանը նշել է, որ օրգանական տեսանկյունից զատ, սեքսուալ հագուստը բացասական հետևանքներ է առաջացնում նաև դիմացինի համար:

"Չէ՞ որ մեր հասարակության մեջ կան որոշակի սահմանափակումներ վերաբերվող սեռական կյանքի այս կամ այն կողմի վերաբերյալ: Արդյունքում, սեքսուալ բաց հագուստը գրգռիչ ազդեցություն է ունենում տղամարդկանց պարագայում, հատկապես դեռահաս տղաների առումով, ովքեր կարող են ժամանակից շուտ սեքսուալացվել: Եվ դա որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել հետագայում նրանց սեռական կյանքում: Եվ փորձելով ընդհանուր առմամբ կոմպենսացնել իրենց ներաշխարհի չբավարարված վիճակը՝ որոշ կանայք ստեղծում են գրավիչ կնոջ իմիջը, որը բումերանգի պես բացասական հետադարձ կապով ազդում է նրան և' սեռական կյանքի, և' վերարտադրողականության վրա", - ասաց մասնագետը:

Բժիշկը համաձայնություն հայտնեց gisher.news-ի թղթակցի հետ այն հարցի շուրջ, որ աղջիկները և կանայք հատկապես ցայտուն են հագնվում հենց Հայաստանում: Նրա կարծիքով, այս պարագայում կարելի է խոսել մտածելակերպի խնդրի մասին:

"Արտասահմանցիներից շատերը, ժամանելով Հայաստան, փողոցում քայլելով, կարծում են, թե մեր կանանց մեծամասնությունը թատրոն է շտապում կամ պատրաստվում են օպերա հաճախելու: Այդ շատ տարօրինակ տպավորություն է թողնում: Արտերկրում սովորաբար միայն մշակութային վայրեր այցելելուց են համապատասխան հագուստ կրում, իսկ մեր պարագայում օրվա ընթացքում փողոցով քայլելիս, կանայք իրենց զրկում են հարմարավետությունից՝ կրելով բարձրակրունկ կոշիկներ և սեքսուալ հագուստ, որը կրելը տվյալ դեպքում միանգամայն տրամաբանությունից զուրկ է", - շեշտել է մասնագետը:

Բժիշկը հավելել է, որ կանանց սեքսուալ հագուստը կարող է նաև որոշակի հրահրող ազդեցություն ունենալ սեռահոգեբանական տեսակետից անկայուն տղամարդկանց վրա, ում մոտ սեռական ցանկության իրագործման բացակայությունը կարող է վերածվել նույնիսկ ագրեսիայի:

Լիլիթ Պետրոսյան