15-07-2014 14:36

Հոգեբուժարանի աշխատակիցները հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրում.ՄԻՊ

Ըստ Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության, Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ: Մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է ոչ լիարժեք բուժման և խնամքի տրամադրման: Օրինակ, Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված:
Ըստ աղբյուրի, «Նորք» հոգեբուժական կլինիկայում դեռևս չի ապահովվում հիվանդների սննդի պատշաճ որակը: Օմբուդսմենի ներկայացուցիչների վերջին այցելության օրը՝ հուլիսի 15-ին, հոգեբուժական կլինիկայում առկա չէին ճաշացանկը և նախորդ օրվա սննդի նմուշը: Պարզվեց նաև, որ «Նորք» հոգեբուժական կլինիկայում կաթնամթերք վերջին անգամ ստացել են անցյալ տարի, սնունդը միատեսակ է: Սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս մայիսի 18-ին այցելել էր «Ավան» հոգեկան առողջության, ինչպես նաև «Նորք» հոգեբուժական կենտրոններ և տեղում հանձնարարել արագ լուծումներ տալ բուժաշխատողների և բուժվողների մատնանշած խնդիրներին։ Օմբուդսմենը արձանագրել է, որ նախարարի այցից և հանձնարարականներից շուրջ երկու ամիս անց էլ վիճակը գրեթե չի բարելավվել: