Բավ է պառակտվել
22-12-2014 12:42

Բժշկական համալսարանում ուսումնական սիմուլյացիոն կենտրոն են բացել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Կրթության եւ գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու գործունեության ուղղությունները: Նա նշել է, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով Երեւանի պետական բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաեւ շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները եւ պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում: Նորարարական ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված է բժշկական կրթության որակի եւ արդյունավետության էական բարելավմանը:

Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն եւ մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով եւ կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: ԵՊԲՀ-ի կողմից վերանայվել են կրթական ծրագրերը, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից: Պատասխանատուների հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում, ծրագրի ավարտից հետո կստեղծվի նաեւ առանձին դասընթաց՝ հեռավար ուսուցման ձեւով, որը համալսարանի վեբկայքի միջոցով հասանելի կլինի այլ շահառուների եւս: Դասախոսների եւ կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման եւ բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: