Բավ է պառակտվել
22-11-2016 16:19

Սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում մանկահասակ երեխաների շրջանում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:

Գերատեսչությունից նշում են, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:

«Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է «կանխարգելիչ ֆիլտր»: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից, և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված «կանխարգելիչ ֆիլտրի» արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար:

Գերատեսչությունից հիշեցնում են նաև, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:

«Միաժամանակ հորդորում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը», - նշվում է հաղորդագրության մեջ: