Բավ է պառակտվել
02-12-2016 11:06

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճի միտում չի գրանցվել

Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաեւ սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:

Նվազել է նաեւ թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը եւ այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:

Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:

Հիշեցնենք, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաեւ եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում եւ այլն:

Գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

• խուսափե´ք գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից,

• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

• հագնվե´ք եղանակին համապատասխան,

• պահպանե´ք հազի եւ փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

• հետեւե´ք անձնական հիգիենային: