23-11-2016 14:20

Ինչպե՞ս խուսափել սուր շնչառական հիվանդությունների բարդություններից

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է ՍՇՎ-ի, գրիպի բարդություններից խուսափելու կանխարգելիչ միջոցները:

Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, ‹‹հետ ընկնել›› առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում, նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես, հակաբիոտիկներ չկիրառել։ Բացի այդ, հարկավոր է հաճախ օդափոխել փակ տարածությունները, հետևել անձնական հիգիենայի կանոններին, հաճախ լվանալ ձեռքերը:

«Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին: Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, գերատեսչությունից կոչ են անում հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ: