Բավ է պառակտվել
04-11-2015 10:51

Արմեն Մուրադյանը Տուլայում այցելում է ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը երեկ ուշ երեկոյան մեկնել է Տուլա, այսօր վաղ առավոտից սկսել է այցելել շրջանի երեք հիվանդանոցներում: Այս մասին հայտնել է նախարարի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը: Դեռեւս հայտնի չէ, թե երբ Հայաստան կտեղափոխվեն տուժած քաղաքացիները: Նշենք, որ նոյեմբերի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Տուլայի շրջանի երեք հիվանդանոցներում են գտնվում 26 տուժած, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 2-ը՝ ծանր, իսկ մնացածը՝ միջին ծանրության: Ուզլովայա քաղաքի բժշկական կենտրոնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արիկոնյանը ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ողնաշարի վնասվածք: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Արիկոնյանի անձնական տվյալներ դեռեւս հայտնի չեն: Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են նաեւ ծանր վիճակում գտնվող Գոհար Գասպարյանը եւ Սերյոժա Սարգսյանը: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածք: Կիրեևսկի եւ Նովոմոսկովսկի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 11 ուղեւոր: Նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն կոտրվածքներ կամ բաց վերքեր: Ամբուլատոր բուժում ստացած ուղեւորներն էլ այս պահին գտնվում են Տուլա քաղաքի հյուրանոցներից մեկում: Այսօր նրանք կստանան իրենց իրերը, եւ չի բացառվում, որ օրվա վերջում վերադառնան Հայաստան: