03-07-2014 15:04

Յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքում ունեցել է սուր դեպրեսիա.հոգեբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսելով դեպրեսիայից նշեց, որ ըստ վիճակագրության դեպրեսիան դառնում է աշխարհի թիվ մեկ խնդիրը և մեծ վնաս է տալիս աշխարհի զարգացող երկրների տնտեսություններին:
«Դեպրեսիան տրամադրության երկարատև անկումն է, որը դառնում է ամենօրյա խնդիր և խանգարում է կյանքի որակին: Դեպրեսիան խնդիր դառնալու հիմնական պատճառներից մեկը ուրբանիզացիան է, որը բերում է մարդկային կոմունիկացիաների քչացման և որակների նվազեցման: Եթե տարիներ առաջ մարդկային նորմալ շփում կար, հիմա դա դարձել է ավելի համացանցային»,-ասաց հոգեբանը:
Բանախոսի խոսքով՝ հոգսերը և հոգնածության աստիճանը ևս դեպրեսիայի պատճառ է: «Դեպրեսիան փոխում է մարդու կյանքն այնպես, որ նա չի կարողանում ճիշտ որոշումներ ընդունել, մարդը սկսում է ինքն իր հանդեպ ունենալ բացասական վերաբերմունք:
Սրացումը լինում է աշնանը և գարնանը»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:
«Եթե 90-ականներին մոտ 20 տոկոս էր հասնում դեպրեսիայի թիվն աշխարհում, հիմա այն հասել է 60 տոկոսի»,-ասաց հոգեբանն ու հավելեց, որ յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքում ունեցել է սուր դեպրեսիա: