12-07-2014 16:17

Աղջիկը լինզաների պատճառով կորցրել է տեսողությունը

Շատերն են այսօր գեղեցկության զոհը դառնում: Թայվանցի ուսանողուհին կես տարի շարունակ աչքից չի հանել կոնտակտային լինզաները, որի համար ստիպված է եղել թանկ վճարել: Vesti.ru-ն հայտնում է, որ այդ ընթացքում լինզաների ներսի կողմում վտանգավոր բակտերիաներ են կուտակվել, որոնք «կերել» են աղջկա աչքի խնձորակները:

Ակնաբույժները բազմիցս են նշել, որ լինզա կրողները չչարաշահեն հիգիենայի տարրական կանոնները, սակայն 23-ամյա Լիան Կաոն կամ երբևէ չի լսել դրա մասին, կամ չափազանց ծույլ է: Բժիշկները խորհուրդ են տալիս լինզաները պարբերաբար մաքրել` գիշերային ժամերին դրանք հատուկ լուծույթի մեջ պահելով, և անպայման հանել լողանալիս: Թայվանցի աղջիկը չի հետևել այս կանոններից և ոչ մեկին և կես տարի շարունակ չի հանել լինզաները, ինչի հետևանքով լինզայի մակերեսի վրա բարենպաստ պայմաններ են ստեղծվել վնասակար բակտերիաների համար:

Բակտերիաները քայքայել են աչքի խնձորակը, ինչի արդյունքում աղջիկն ամբողջովին կուրացել է: Ներկա պահին նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Բժիշկները նրա մոտ բավականին հազվադեպ հիվանդություն են ախտորոշել, որը կոչվում է ականտամեոբա կերատիտ (հազվադեպ հանդիպող եղջերաբորբ): Այն կարող է զարգանալ մի քանի տարում, իսկ դրա մասին հիվանդը պարզում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ անել արդեն հնարավոր չէ: