07-03-2014 12:30

«Մարտի 8-ից ապրիլի 7-ը ՀՀ-ում բոլոր կանայք անվճար կարող են հետազոտություն անցնել». ԱՆ

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հայտնեց, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր կանանց անվճար հետազոտության, խորհրդատվության, որոշ դեպքերում էլ բուժման հնարավորություն կտրվի:
«Կանանց տոնի առթիվ, այս տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, դրանցից մեկը բաց դռների օրն է, Երևանի և բոլոր մարզերի բոլոր բժշկական հաստատություններում կլինեն կենտրոններ, որտեղ խորհրդատվություն կտրվի կանանց, հետազոտություն կանցկացվի, ինչպես նաև որոշ դեպքերում՝ բուժում անվճար»,- նշեց Կարինե Սարիբեկյանը:
ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի փոխանցմամբ՝ բացառություն են կազմելու միայն բարդ, նորագույն սարքավորումներով թանկարժեք բուժումները: «Առաջին դուռը պոլիկլինիկան է, և եթե կարիք լինի, կնոջը կուղեգրեն այլ բժշկական կազմակերպություն: Մենք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքացիներն առավելագույնս քիչ առնչվեն փաստաթղթային խնդիրների հետ»,-ասաց բանախոսը:
Տիկին Սարիբեկյանի խոսքով՝ այն կանայք, որոնք չունեն որևէ սոցիալական խումբ, բայց կարիք կունենան այլ բուժհաստատություն դիմելու, նրանց կուղեգրեն: Իսկ այն մասը, որը բաց կմնա, ցանկով կներկայացնեն այդ կանաց անունները, և նախարարությունը սահմանված ընթացակարգով նրանց կուղեգրի հետազոտման: