Բավ է պառակտվել
18-03-2016 17:03

Ինչպե՞ս խուսափել քնի խանգարումներից

«Ինչպես ցանկացած խնդիր, քնի խանգարումները ևս ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Միարժամանակ սկզբունքորեն կարող ենք ասել, որ քնի խանգարումները ժամանկին ախտորոշելու դեպքում հնարավոր է բուժել»,-այս մասին gisher.news-ի հետ զրույցում նշեց «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ, նյարդաբան, սոմնոլոգ, Հայաստանում ՔՀՕ-ի դելեգատ Սամսոն Խաչատրյանը: Մասնագետը կարևորելով որակյալ քնի առկայությունը հորդորեց լրջագույնս մոտենալ քնին և այն չհամարել կորցրած ժամանակ: «Քնի այս կամ այն խանգարում հղի է տարատեսակ ու վտանգավոր հետևանքներով և կարող է մի շարք կյանքի որակի ու տևողության վրա ազդող հիվանդությունների պատճառ դառնալ: Ինչպես օրինակ նյարդաբանական, սրտանոթային համակարգի, մաշկային խնդիրների, ճարպակալման և այլ խնդիրների սկզբնաղբյուր կարող են լինել»,-մանրամասնեց Սամսոն Խաչատրյանը:
Մեզ հետ զրույցում հոգեբան Լիլիթ Ղահրամանյանն էլ հավելեց, որ կարելի լինել հետևողկան և պահպանել քնի էթիկայի մի քանի բավական դյուրին սկզբունք և ունենալ որակյալ քուն. «Պետք է գիտակցել, որ ննջասենյակը նախատեսված է քնի և սեռական ակտիվության համար: Պետք է բացառել ննջասենյակում հեռուստացույցի, հեռախոսի, համակարգչի, գրքերի առկայությունը: Պետք սենյակում կատարյալ մթություն և լռություն լինի, կարևոր է նաև սենյակի հարմար ջերմաստիճանը»: Մասնագետը նաև հորդորեց երեկոյան ժամերի բացառել ֆիզիկական ակտիվությունը, սուրճի, թեյի ու կոլաների օգտագործումը. «Գուցե վերո հիշյալների օգտագործումը չազդի քնի տևողության վրա, բայց որակի վրա միանշանակ ազդելու է»,-ընդգծեց Լիլիթ Ղահրամանյանը:
Նշենո, որ մարտի 18-ը Քնի համաշխարհային միության (WSS) կողմից հայտարարվել է Քնի համաշխարհային օր (World Sleep Day) և նշվելու է ամբողջ աշխարհում։ Այս տարվա Քնի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Լավ քունը հասանելի երազանք է»:

Տաթև Առաքելյան