29-07-2014 14:55

Հեպատիտ C-ով հիվանդները Հայաստանում չեն կաողանում անվճար բուժվել

Այսօր, հրավիրված ասուլիսին բանավիճել են հեպատիտ C-ով հիվանդը և Նորքի հիվանդանոցային լյարդաբանական բաժամունքի ղեկավարը: Արթուր Մանվելյանը երկար տարիներ հիվանդ է հեպատիտ C-ով, սակայն յուրաքանչյուր ստուգում այնքան թանկ է, որ ֆինանսապես չի կարողանում հոգալ բժշկական ծախսերը: Նա նշում է, որ տարեկան բավականին խոշոր գումար է հարկավոր, իսկ ինքը չի կարողանում այդքանը հայթայթել: Իսկ լյարդաբանական բաժանմունքի ղեկավարը համառորեն փաստում է, որ եթե հիվանդությունը սուր փուլում է, ապա պետությունը հոգում է ծախսերը:
Ղազինյանը նաև փաստում է, որ հեպատիտ C-ն աճելու միտում ունի: Իսկ Հայաստանում հեպատիտ B-ի տարածումը կազմում է 2-3, իսկ C-ն 4 տոկոս: Ստացվում է , որ Հայաստանում շուրջ 115 հազար մարդ հիվանդ է հեպատիտ C-ով և B-ով: Այս հիվանդությունը կարող է մարդուն փոխանցվել արյան փոխներարկման, բժշկական հաստատություններում չախտահանված ներարկիչների օգտագործումից, ինչպես նաև կարող է մորից փոխանցվել երեխային:

Նշենք, որ հուլիսի 28-ին հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն էր: Ըստ բանախոսների լավ կլիներ, որ Հայաստանում այն պետականորեն ընդունվեր, որպեսզի պետական միջոցներ հատկացվեր հիվանդների համար: Նշենք, որ սուր հեպատիտի համար Հայաստանում գործում է պետպատվեր, սակայն քրոնիկի դեպքում հիվանդը ստիպված է ինքնուրույն հոգալ բոլոր ծախսերը: Այսօր, ողջ աշխարհում 150 մլն մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C վիրուսով: Ամեն տարի 350 հազար մարդ մահանում է այս վիրուսից: