10-10-2014 14:30

Հայաստանում մոտ 10 հազար մարդու մոտ առկա է շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ

Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը: Տվյալները ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակվեց Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Ամբողջ աշխարհում այս ոլորտի հիմնախնդիրները գնալով ահագնանում են:

ԱՀԿ տվյալներով՝
• 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում
• աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում
• ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում
• աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է
• շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի
• զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չեն ստանում:

Այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»:
Հոգեկան խանգարումները, ինչպես և մարմնական հիվանդությունները ենթակա են բուժման: Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: