Բավ է պառակտվել
07-10-2014 15:01

ՀՀ կառավարությունը կարող է խանգարել երկրից դեղերի արտահանմանը. Ս. Զաքարյան

Հայաստանի կառավարությունը կարող է խանգարել երկրից դեղերի արտահանմանը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց մասին Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Ըստ նրա՝ արտասահմանյան վերահսկող մարմինները կարող են թույլ չտալ Հայաստանից դեղամիջոց ներկրել, եթե դրանց տուփերի վրա նախապես չնախատեսված դրոշմ հայտնվի:
«Դեղերի արտադրությունն ու ներմուծումն ամբողջ աշխարհում հատուկ ուշադրությամբ է վերահսկվում: Բառացիորեն մինչեւ վերջին ստորակետը ստուգում են ոչ միայն դեղամիջոցի բաղադրությունը, այլ նաեւ տուփը: Եվ եթե այնտեղ ինչ-որ բան փոխվի, ապրանքը պարզապես կարող են հետ ուղարկել»,- հայտարարեց Զաքարյանը:
Նա նշեց, որ Հայաստանում 17 դեղ արտադրող է գործում, որոնց կեսն արտահանողներ են: «Կառավարությունը պահանջում է դեղերի վրա դրոշմանշում անել, բայց չի նշում այն խնդիրների մասին, որոնց շուրջ ես խոսեցի: Իհարկե, Հայաստանից ուղղակի արտահանման դեպքում դրոշմանշում չի պահանջվում, բայց շատ դեպքերում արտահանում է ոչ թե արտադրողը, այլ դիստրիբյուտորը: Իսկ այդ դեպքում արդեն դրոշմանշում պետք է արվի»,- պարզաբանեց Զաքարյանը:
Նա նաեւ հավելեց, որ դրոշմանշման գործընթացն ամենեւին չի համապատասխանում դեղագործական արտադրանքի համար նախատեսված եվրոպական GMP-ի նորմերին: Դեղագործներին ոչ ոք չի տեղեկացնում ո՛չ սոսնձի բաղադրության մասին, որով դրոշմանշումն ամրացվելու է, ո՛չ էլ այն մասին, թե ինչպիսի փոխազդեցություն կարող է ունենալ տուփի նյութի հետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանից փաթեթավորված դեղամիջոցների արտահանումը կազմել է 6.55 մլն դոլար կամ 11%-ով ավելի, քան 2012թ.: Հիմնական գնորդները նախկինի պես Ռուսաստանն ու նախկին Խորհրդային միության պետություններն են. Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Մոլդովա եւ Վրաստան:
Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեղերի պարտադիր դրոշմավորման մասին պահանջն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 31-ին: