Բավ է պառակտվել
12-03-2014 12:28

Արդյոք Հայաստան ներկրված նոր պատվաստանյութերը անվտա՞նգ են երեխաների համար

Երեխաների պատվաստումների նկատմամբ ծնողների վերաբերմունքը տարբեր է: Մի մասը վստահաբար անում է բոլոր անհրաժեշտ պատվաստումները, մյուս մասն էլ վախենում է, կասկածի տակ առնելով պատվաստանյութերի որակը: Հիմա էլ պարզվում է, որ սեպտեմբերից Հայաստան կներկրվի նոր տեսակի պատվաստանյութ, սակայն մասնագետները վստահեցնում են, որ այն միանշանակ դրական ազդեցություն է ունենալու փոքրիկների առողջության վրա:
Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ նոր պատվաստանյութերով կպատվաստվեն հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները՝ 3-ից 4 ամսականում:

Գայանե Սահակյանը հավատացնում է, որ այս պատվաստման արդյունքը մենք կնկատենք մի քանի տարի անց, երբ կնվազեն մինինգիտներն ու թոքաբորբերը, հետևաբար կպակասեն նաև մանկամահացությունները: Սրանք շատ կարևոր պատվաստումներ են մեր հասարակության ավելի առողջ ապրելակերպի համար:
Նա նաև նշեց, որ ծնողները նաև իրավունք ունեն հրաժարվելու այս պատվաստումներից:

՛՛Օրինակ՝ ծնողներից մեկը հրաժարվել էր պենտավալետ պատվաստումից, իսկ հիմա երեխան մինինգիտ ունի և հետևաբար մտավոր հետամնացության խնդիր է առաջացել: Նա այսօր մեղադրում է բժիշկներին, որ իրեն լավ չեն բացատրել պատվաստման կարևորությունը, չեն ստիպել, որ բերի երեխային պատվաստման: Ցանկացած պարագայում միշտ մեղադրում են բժշկին՛՛,-նկատեց մասնագետը:
Գայանե Սահակյանը նաև ընդգծեց, որ եթե այսօր հայ հասարակությունն ու բժշկությունը գրեթե մոռացել է այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են փայտացումը, դիֆտերիան, կապույտ հազը, ապա դա հենց պատվաստանյութերի շնորհիվ է: Սակայն նշեց, որ դա չի նշանակում, որ եթե մենք սկսենք չպատվաստվել, այդ հիվանդությունները նորից ի հայտ չի գա: Ցանկացած մարդու թվում է, թե իրեն հարուցիչը կշրջանցի:
՛՛Բայց տեսեք, թե Վրաստանում ինչպես բռնկվեց կարմրուկի համաճարակ, Մոսկվայում է սկսվում, բայց մեզ մոտ՝ ոչ, որովհետև մենք կանխարգելել ենք՛՛,-ասաց նա: