Բավ է պառակտվել
07-05-2014 14:52

Ծխող ընտանիքում երեխայի բրոնխիալ ասթմա ունենալու հավանականությունը 24 տոկոս է. ՀՀ գլխավոր թոքաբան

«Չկա այնպիսի մարդ, որ տարին մեկ անգամ գոնե շնչառական հիվանդությունների հետ կապված խնդիր չունենա: Դրանք բոլոր հիվանդությունների 74 տոկոսն են կազմում»,- այսօր լրագրողներինհետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը: Գլխավոր թոքաբանի խոսքով՝ 1-ին տեղում խրոնիկ օքստրուկտիվ շնչառական կամ թոքերի հիվանդությունն է, որը հետագայում դառնում է պրոբլեմ մինչև կյանքի վերջ: «Շատ հաճախ մենք վախենալով ասում ենք թոքերի քաղցկեղ, ու պնդում, թե այն անբուժելի հիվանդություն է, բայց դրա ժամանակին հայտնաբերման ու բուժման դեպքում հիվանդը կարող է ապրել 5-10 տարի»,- ասաց նա։
Անրադառնալով լայն տարածում ունեցող բրոնխիալ ասթմային, մասնագետը նշեց, որ այն առաջանում է այս կամ այն գրգռիչի ազդեցությունից: «Այս հիվանդությունը չի զարգանում, դրանից հիվանդը չի մահանում: Ինչ-որ գրգռիչներից բոլորս էլ կարող ենք ունենալ այն վիճակը, ինչ ունեն բրոնխիալ ասթմա ունեցողները»,- նշեց նա:
Խոսելով շնչառական հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրների մասին, գլխավոր թոքաբանն ասաց, որ այն ընտանիքում, որտեղ ծխախոտ օգտագործող չկա, այդ ընտանիքներում երեխաների 10-12 տոկոսն ունենում է ասթմա՝ այլ հարուցիչներից: Իսկ այն ընտանիքներում, որտեղ կա մեկ ծխող, տվյալ ընտանիքում 24 տոկոս է երեխայի բրոնխիալ ասթմա ունենալու հավանականությունը: