Բավ է պառակտվել
09-07-2014 14:56

Հայաստանում ակտիվացել են էնտերովիրուսները

«Երկրում էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունները թեթևակի ակտիվացել են, սակայն դա չի նշանակում, որ մենք գործ ունենք համաճարակի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Այս տարի արձանագրվել է էնտերովիրուսային վարակի ավելի քան 90 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 25-30-ով ավելի է: Դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-5 տարիքային խմբում: Հիվանդներն արագ ապաքինվում են` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել»,-հավելեց Տիկին Սհակյանը: Գ.Սահակյանն ասաց, որ էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու և հիվանդացությունը վերահսկելու նպատակով առողջապահության նախարարությունն իրականացնում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում: Այն հիմնականում իրականացվում է մանկական նախադպրոցական, ամառային հանգստի կազմակերպություններում` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: «Հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, անտանելի գլխացավով, նկատվում է թուլություն, որովայնի հատվածում ցավեր, անզուսպ փսխումներ: Հիվանդությունը, հիմնականում փոխանցվում է բերանի խոռոչով, բայց կարող է փոխանցվել նաև շնչառական ուղիներով՝ օդակաթիլային եղանակով, ինչպես նաև կենցաղային ճանապարհով՝ ձեռքերի միջոցով»,-մանրամասնեց մասնագետը:
Բանխոսի խոսքով՝ էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս: Տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Հիվանդության առանձնահատկությունը նաև այն է, որ մարդը կարող է վիրուսը կրել, բայց ոչ մի ախտանիշ չլինի նրա մոտ:
Նշվեց նաև, որ վիրուսի նկատմամբ ողջ աշխարհում չկա ստեղծված պատվաստանյութ: «Հայաստանում իրավիճակը վերահսկելի է, պետք չէ խուճապի մատնվել: Հայաստանում պիկի ժամանակահատվածը հունիսի կեսերն էր, արդեն հատել ենք այդ ժամանակահատվածը»,-ձևակերպեց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Վիրուսը կանխելու համար, մասնագետը խորհուրդ տվեց խիստ պահպանել ձեռքերի հիգիենան: Եթե տանը կա հիվանդ, ապա նրան չխնամել ողջ ընտանիքով, պետք է մեկը խնամի և հնարավորության դեպքում օգտագործել ախտահանիչներ: Ծնողներին էլ հորդորեց, որպեսզի իրենց երեխաներին թույլ չտան լողանալ ջրամբարներում:
Gisher.news-ի այն հարցին, թե երբևէ ՀՀ-ում ունեցել ենք այս վիրուսի համաճարակ, Գայանե Սահակյանը պատասխանեց. «Ոչ, միշտ էլ դեպքեր գրանցվել են, սակայն համաճարակային իրավիճակ չենք ունեցել»: