Բավ է պառակտվել
18-12-2013 14:58

Հանրապետությունում նկատվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների թվաքանակի աճ. Գագիկ Բազիկյան

ՀՀ-ում   ուռուցքաբանական հիվանդություններից ամենից շատ տարածված է թոքի,  կրծքագեղձի, աղիքների, արգանդի վզիկի, ձվարանների, միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղը:  Նման հայտարարությամբ, այսօր հրավիրված ասուլիսին,  հանդես եկավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը: Նա նաև նշեց, որ վերջին տարիներին ավելացել է շագանակագեղձի քաղցկեղը, ի տարբերություն թոքի քաղցկեղի, որը մի փոքր նվազել է: Իսկ այն հարցին թե ինչո՞վ է դա պայմանաորված, բանախոսը մատնանշեց երկու տարածված պպատճառ՝  սթրեսներ, օգտագործվող սնունդ:

Բանախոսի խոսքով`2008-2012-ի դրությամբ հիվանդությունն աճել է 13,4%-ով, մահացությունների թիվը նվազել 6,8%-ով, որը պայմանավորված է ուռուցքաբանական որոշ հիվանդությունների բուժման հաջողությամբ: «Մեր կլինիկայում տարեկան բուժվում է 10.000 հիվանդ, որից 3000-ը վիրահատվում է, 2000-ը ստանում ճառագայթային բուժում, մնացածը քիմիաթերապիայի կուրսեր են ստանում»,-տեղեկացրեց բանախոսը:

Վերջինիս հավաստմամաբ հաջողություններ արձանագրվել են քաղցկեղով հիվանդների մոտ. 18000  քաղցկեղով հիվանդ վերջին 5 տարվա ընթացքում իրենց կենտրոնում ստացել է բուժում, հիմա գտնվում է իրենց հսկողության տակ և համարվում պրակտիկ առողջ: «Եթե քաղցկեղով հիվանդը բուժվում է, մենք չենք կարող բարձրաձայնել դա, քանի որ այդ ամենը, չգիտես ինչու, թաքցնում են հիվանդի հարազատները, իսկ երբ մեկը մահանում է քաղցկեղից, բոլորն իմանում են, որ նա քաղցկեղով հիվանդ էր: Մեր հասարակության մեծ մասը կարծում է` քաղցկեղը չի բուժվում, մինչդեռ եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին` նախաքաղցկեղային փուլում, ապա հիվանդի բուժվելու հավանականությունը  100% է»,- մանրամասնեց ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը` հավելելով, որ իրենց կենտրոն դիմող քաղցկեղով հիվանդների 46%-ի մոտ հիվանդությունը խորացած է լինում:

Պետության ֆինանսաորումից խոսելիս բանախոսը ցավով արձանագրեց, որ պետությունն իրեն կենտրոնին հատկացնում է  ընդամենը 212 մլն դրամ, ինչն, իհարկե, բավարար չէ ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա բոլոր խնդիրները լուծելու համար:

Եվ որպես ամփոփում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, մեր բոլոր կանանաց խորհուրդ տվեց, անկախ գանգատների բացակայությունից տարին մեկ անգամ անցնել համապատասխախան հետազոտություն, որպեսզի ոչ մի բժիշկ ստիպված չլինի ասել. «Ներեցեք,  բայց մենք Ձեզ օգնել չենք կարող, արդեն շատ ուշ է»: