Բավ է պառակտվել
21-02-2017 13:11

ՀՀ-ում հայտնաբերվել են ճնշումը կարգավորող և հակաբիոտիկ կեղծ դեղամիջոցներ

 

Երևանում և Հանրապետության մի շարք մարզերում հայտնաբերվել են ճնշումը կարգավորող «Պրեստանս» և հակաբիոտիկ` «Ցեֆտրիաքսոն-Աստերիա»-ի կեղծ խմբաքանակներ: Այսօր, փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պորտոյանը:
«« Աստերիա» ՍՊԸ-ն բողոք էր ներկայացրել, որի հիման վրա մենք ստուգումներ իրականացրեցինք, որոնց ընթացքում էլ հայտնաբերվեցին «Ցեֆտրիաքսոն-Աստերիա» կեղծ դեղամիջոցները: Մենք բոլոր դեղամիջոցները ուղարկեցինք փորձաքննության, ինչի արդյունքում հաստատվեց դրանց կեղծ լինելու փաստը»,- ընդգծել է Պորտոյանը:
Նա նաև նշել է, որ տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել են «Պրեստանս» ճնշումը կարգավորող դեղեր: Պորտոյանը տեղեկացրեց, որ իրական և կեղծ դեղամիջոցները կարելի է տարբերել սերիայով՝ կեղծ դեղամիջոցի սերիան բաղկացած է յոթ նիշից, իսկ օրիգինալինը՝ վեց:
Նրա խոսքերով բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:
««Ցեֆտրիաքսոն-Աստերիա»-ի կեղծ խմբաքանակները հայտնաբերվել են Երևանի, Արմավիրի, Շիրակի , Լոռու և Կոտայքի մարզերի դեղատներում, իսկ «Պրեստանս»-ինը՝ Երևանում, Շիրակում, Արմավիրում և Կոտայքում: Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել Հայաստանում դեղամիջոցների շուկայի հանդեպ արդյունավետ վերահսկողություն հաստատելու համար»,- ընդգծել է Պորտոյանը, և հավելել, որ կեղծ դեղամիջոցների շրջանառության մեջ ներգրավվածներին սպառնում է քրեական պատասխանատվություն՝ նույնիսկ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում:
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր հերթին նշել է, որ երկու դեղամիջոցների փորձաքննությունների արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից:
« Մենք կոչ ենք անում մարդկանց, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել այդ դեղամիջոցները՝ ուշադիր զննել դրանք, իսկ օրիգինալից տարբերություն նկատելու պարագայում ՝ դադարեցնել դրանց ընդունումը»,- ասել է Թոփչյանը, հայտնելով, որ տվյալ պահին բոլոր կեղծ դեղամիջոցներն առգրավվում են դեղատներից: