05-08-2017 12:05

Էլեկտրոնային սիգարետները վտանգ են ներկայացնում կյանքի համար

ԱՄՆ-ի Լոուրենս Բերքլիի անվան ազգային լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ նման գլանակից գոլորշին ներքաշելը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենլ մարդու առողջության վրա, և նվազեցնել կյանքի տևողությունը:
Պատճառը այդ գոլորշում պարունակվող տոքսիններն են, որոնց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է «Environmental Science & Technology» ամսագրում:
Չնայած, որ էլեկտրոնային սիգարետները ծխախոտի ծխին բնորոշ վնասակար նյութեր չեն արտադրում, այնուամենայնիվ, գոլորշու մեջ ևս պարունակվում են միացություններ, որոնք պոտենցյալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Դրանց թվում է ակրոլեինը (սուր հոտով արցունքաբեր քիմիկատ), ֆորմալդեգիդ կանցերոգեն նյութը, ինչպես նաև դիացետիլը, որը շնչելու պարագայում կարող է թոքերի հիվանդություն առաջացնել: Հետազոտողները պարզել են, թե ինչ քանակությամբ նման վնասակար նյութեր կարող են շնչել էլեկտրոնային սիգարետ օգտագործողներն ու նրանց շրջապատող մարդիկ:
Գիտնականները մի քանի սցենար են իրագործել, որոնցում կիրառվել են էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված տարատեսակ լուծույթներ,գոլորշիացնող սարքեր և մարտկոցների շահագործման ռեժիմներ: Բացի այդ, հետազոտվել է էլեկտրոնային սիգարետի ամենօրյա կիրառման թողած ազդեցությունը: Պարզվել է, որ նրանք, ով 3,8-4,8 վոլտ հզորությամբ սարքով օրական 250 անգամ ներքաշում է գոլորշին՝ թույլատրելի նորմայից ավել ֆորմալդեգիդներ ու դիացետիլներ է շնչում: Բացի այդ, այն սրահներում, որտեղ թույլատրվում է օգտվել այդ սիգարետներից, վնասակար միացությունների խտությունը ևս գերազանցում է թույլատրելիի սահմանը:
Չնայած դրան, մասնագետների գնահատմամբ, էլեկտրոնային սիգարետների օգտագործումն ավելի քիչ է վնասում կյանքին, քան ծխախոտ ծխելը:
2015թ. Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել էր զեկույց, որում պնդվում էր, որ էլեկտրոնային սիգարետների օգտագործումն 95 տոկոսով ավելի անվտանգ է, քան ծխախոտի օգտագործումը: