Բավ է պառակտվել
30-10-2014 08:50

Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 700-ը

Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 13 703-ի է հասել: Տեղեկությունը լրագրողներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Այլուորդն է հայտնել: Ընդ որում, վարակման դեպքերի գերակշիռ մեծամասնությունը (13 676) երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին է բաժին հասնում: Իսկ ահա զոհերի թիվը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ավելի քան 5 հազար է կազմում: Այլուորդի խոսքով, Լիբերիայում մահացու հիվանդությամբ վարակման 6535, Սիերա-Լեոնեում՝ 5232, եւ Գվինեայում՝ 1906 դեպք է գրանցվել: Հիվանդացության դեպքեր նաեւ Մալիում, Իսպանիայում եւ Միացյալ Նահանգներում են նկատվել: Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակը դադարեցված է համարվում: Ինչպես ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է նշել, կազմակերպությունը մտադիր է հիշյալ երեք՝ ինֆեկցիայից առավել տուժած երկրներում 4700 հիվանդների համար նախատեսված 56 բուժկենտրոններ հիմնել: Ներկայումս դրանց թիվը 15 է կազմում, եւս 22-ի համար շինարարության երաշխիքներ են ստացվել եւ մասնագետներ ձեռք բերվել, որոնք նոյեմբեր ամսվա վերջին միայն աշխատանքի կանցնեն: Զուգահեռաբար եւս 19 հիվանդանոցումներում (որոնցից 14-ը Լիբերիայում են գործելու, իսկ մնացյալ հինգը՝ Գվինեայում) աշխատելու պատրաստ մասնագետների որոնումներ են ընթանում: