Բավ է պառակտվել
04-03-2014 19:48

՛՛Ձեզ համար կանա՛յք՛՛ ակցիայի շրջանակներում բուժհիմնարկները ծանրաբեռնված կաշխատեն

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հանդիպել են երեւանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ` «Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիային ընդառաջ:

 Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների՝ թե՛ համաբուժարանների ու դիսպանսեր ծառայությունների եւ թե՛ բժշկական կենտրոնների տնօրենները նշել են, որ ակցիային պատրաստ են։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դուք աշխատելու եք ծանրաբեռնված ռեժիմով, ընդ որում՝ ավելի, քան անցյալ տարի, քանի որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարի ընդլայնվել է ակցիայի շրջանակում անվճար մատուցվող բուժծառայությունների, հետազոտությունների ցանկը։ Իրականացնելու ենք բազմաֆունկցիոնալ հետազոտություններ, միեւնույն ժամանակ պետք է բացառենք քաղաքացուց բողոք ստանալու պատճառները։ Եվ քանի որ քաղաքապետի կողմից պահանջ է դրված՝ ակցիան իրականացնել հասցեական, մենք պահպանել ենք ակցիայից օգտվելու կարգը. քաղաքացին նախ պետք է անձնագրով դիմի իր գրանցման վայրի տարածքային բժշկին եւ միայն վերջինիս ցուցումով ուղեգրվի ստացիոնար բուժման կամ ակցիայում ներառված վիրահատական միջամտության ծառայությունից օգտվելու»,- ներկայացրել է Դավիթ Օհանյանը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ընթացիկ, աշխատանքային հարցեր։ Դավիթ Օհանյանը եւս մեկ անգամ անդրադարձել է համաբուժարանների՝ նոր բուժսարքավորումներով վերազինման ծրագրին եւ նշել, որ այդ ծրագրին 2014 թվականին համայնքային բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել։

 Երեւանի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը հանդիպել են նաեւ Երեւանում գործող մասնավոր բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների ղեկավարների հետ: «Ուրախ ենք, որ արձագանքել եք քաղաքապետարանի կոչին եւ մեկ ամիս շարունակ ձեր բարձրորակ ծառայությունները նաեւ անվճար եք տրամադրելու մեր համաքաղաքացիներին։ Նաեւ թույլ տվեք Երեւանի քաղաքապետի անունից ձեզ փոխանցել մեր կառույցի փոխադարձ պատրաստակամությունը՝ աջակցելու ձեր այն գործառույթներին, որոնք քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում են»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

 Մասնավոր բուժհաստատությունների ղեկավարները նշել են, թե նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ առողջապահական, մասնավորապես՝ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման տեսանկյունից «Ձեզ համար, կանայք» ակցիան մեծ նշանակություն ունի։

 Երեւանի քաղաքապետի տեղակալը եւ Երեւանում գործող մասնավոր բուժհաստատությունների ղեկավարները քննարկել են նաեւ մայրաքաղաքում առողջապահական ոլորտին առնչվող հարցեր եւ պայմանավորվել են ոլորտի զարգացմանն ուղղված հանդիպումներ եւ խորհրդատվական քննարկումներ առաջիկայում էլ հրավիրել։