19-01-2015 13:29

Հրաշք է, որ 6 ամսական երեխան կենդանի է. ՌԴ-ից ժամանած հայ բժիշկ

Հրաշք է, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը կենդանի է: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը: «Արդեն 4-րդ օրն է, որ ես այստեղ եմ: Ինձ հետ այստեղ են աշխարհի լավագույն մասնագետները: Երեխայի համար արվում է ամեն ինչ, ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկար մասնագետ, որը կարող էր օգնել, ու մենք նրան դիմած չլինեինք: Ամեն ինչ արվում է երեխայի համար: Այն, որ նման ծանր վնասվածքներ ունեցող՝ այս հասակի երեխան կենդանի է, հրաշք է»,- ասաց բժիշկը: Նրա խոսքով՝ իրենք մնալու են Հայաստանում, մինչեւ որ երեխայի վիճակը կայունանա: Նշենք, որ այսօր 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է, խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտոնեալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: