Բավ է պառակտվել
06-06-2015 16:28

Թունավորվածների թվաքանակը Գեղարքունիքի մարզում գերազանցել է 50-ը

Ենթադրաբար թթից թունավորվածների թիվը Գեղարքունիքի մարզում գերազանցում է 50-ը,- այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Մասնավորապես 32 մարդ դիմել է Ճամբարակ քաղաքի բուժ կենտրոն ( Երևանից մոտ 125 կմ.): Նրանցից յոթը մինչև տաս տարեկան երեխաներ են:
Հինգ երեխա ստանում է ստացիոնար բուժում, երկուսը արդեն դուրս են գրվել և կշարունակեն բուժումը ամբուլատոր պայմաններում: Բուժ հաստատություններ դիմած 32 անձանցից 7-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:
Հոսպիտալացվածներից 29-ը Վահան գյուղի, իսկ երեքը՝ Ճամբարակի բնակիչներ են: Եվս 20 հիվանդ գտնվում են Վահան գյուղում՝ բժիշկների հսկողության տակ և ստանում են ամբուլատոր բուժում:
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրահանգով, նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ ճամբարակ է մեկնել մասնագետների խումբ: Խմբում ներգրավված է նաև ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Մասսայական թունավորման պատճառները պարզելու համար իրականացվել են լաբորատոր փորձաքննություններ, պրոֆիլակտիկ և հակահամաճարակային միջոցառումներ:
Մասնագետները պարզել են, որ բոլոր թունավորվածները կերել են թութ, որը ձեռք են բերել միևնույն վաճառողից:
Տվյալ պահին շարունակվում են տնային այցելությունները՝ թունավորման նոր դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով: