21-03-2017 14:15

Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել. ԱՆ

Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով հոսպիտալացվել է շուրջ 630 հիվանդ, երեքշաբթի օրը կայացած ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հիվանդների ակտիվ հոսպիտալացումն այս տարի սկսվել է փետրվարի վերջին և շարունակվում է մինչ օրս: Նախորդ տարվա հետ համեմատած այս սեզոնին հիվանդացության ցուցանիշը երկու անգամ ցածր է: Հիվանդների 97%-ը երեխաներ են, նրանց մեծ մասը մինչև 5 տարեկան տարիքի են», ասել է Թորոսյանը:
Նրա խոսքերով, նախորդ սեզոնի համեմատությամբ 2016-2017 սեզոնը բավականին թեթև էր՝ ինչպես հիվանդացության և հիվանդների քանակի, այնպես էլ կլինիկական բարդացումների և հոսպիտալացման տեսանկյունից:
Սակայն, Թորոսյանի խոսքերով, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների տարածման գագաթնակետը դեռ չի հաղթահարվել, ինչի արդյունքում Հանրապետության ստացիոնարներում շարունակվում է երեխաների հոսպիտալացումը, ամբուլատոր պոլիկլինիկական այցելություններն ու շտապ օգնության կանչերը մնում են բարձր մակարդակի վրա:
« Հաշվետու ժամանակահատվածում գրիպից և ՍՇՎ-ից մահվան դեպքեր չեն գրանցվել: Անցած տարի H1N1 գրիպի բարդացումների արդյունքում գրանցվել էր 19 մահվան դեպք»,- ասել է Թորոսյանը: