Բավ է պառակտվել
14-03-2014 18:58

Մայրաքաղաքում բժշկական գործիքների արտադրության գործարան է բացվել

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել նաև ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի բացման արարողությանը:
Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին: Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն. ԱՄՆ դոլար:
Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչև մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր:
Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում այսօր այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա Մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցության վերաբերյալ հուշագրեր։