Բավ է պառակտվել
02-09-2016 18:32

Կենսաբանները հայտնաբերել են վարակիչ քաղցկեղին հաղթելու միջոցը

Ագրեսիվ «վարակիչ» քաղցկեղի համաճարակի հետեւանքով տասմանյան դեւերի` Տասմանիա կղզում ապրող պարկավոր գիշատիչների պոպուլյացիայի թվաքանակը 1996 թվականից կրճատվել է մոտավորապես 80 տոկոսով: Դա բացառիկ դեպք է, երբ կենդանիները մահանում են ոչ թե շրջակա միջավայրի փոփոխությունների կամ մարդու գործունեության հետեւանքով, այլ ուռուցքային բջիջներով վարակման:

Տասմանյան դեւի դիմային ուռուցքը, որն առաջին անգամ հայտնաբերվել եւ նկարագրվել է 1996 թվականին, վերաբերում է փոխանցվող ուռուցքային հիվանդությունների հազվագյուտ տեսակի, որոնք կարող են փոխանցվել մեկ առանձնյակից մյուսին: Գիտնականների կարծիքով, դա աշխարհում քաղցկեղի ամենամահացու ձեւերից մեկն է:

Նախ ուռուցքը վնասում է վարակված կենդանու երախը, հետո` մռութը, հետո նաեւ ամբողջ մարմինը. կաթնասունները կորցնում են սնվելու կարողությունը եւ սովից մեռնում են:

Հետաքրքիր է սակայն, որ վարակվում եւ հիվանդանում են բոլորովին էլ ոչ բոլոր առանձնյակները, հակառակ դեպքում տասմանյան բոլոր դեւերն արդեն անհետացած կլինեին: Washington State University-ի հետազոտողները, Էնդրյու Ստորֆերի գլխավորությամբ, նկարագրել են տասմանյան դեւերի մի քանի պոպուլյացիա, որոնց մոտ կայունություն է ձեւավորվել քաղցկեղի այդ վտանգավոր ձեւի հանդեպ եւ որոնց հաջողվել է խուսափել վարակումից եւ, հետեւաբար, քաղցկեղից մահից:

Այժմ գիտնականները նախատեսել են պարզել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել կենդանիների գենոմում եւ ինչպես են ամրապնդվել դրանք: Դա նրանց կօգնի ավելի լավ հասկանալ, թե որտեղից է կենդանիների մոտ կայունություն առաջացել քաղցկեղի հանդեպ եւ կարող է արդյոք նման կայունություն հայտնվել մարդկանց մոտ: