12-11-2014 14:26

Թոքաբորբերը տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում. թոքաբան

Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս հիվանդությունն է մանկական մահացությունների հիմնական պատճառը ողջ աշխարհում: Ամեն տարի այն խլում է 1.4 միլիոն մինչև 5 տարեկան երեխաների կյանքեր: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ ամեն 30 վայրկյանը մեկ պնևմոնիայից աշխարհում մահանում է մեկ երեխա: Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: «Տարբեր վիրուսներից հետո մարդու օրգանիզմում պնևմակոկը կարող է ակտիվանալ և առաջացնել մի շարք հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորներից են թոքաբորբն ու մենինգիտը»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքերով՝ թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում:
«Պնևմոնիան իմունային համակարգի թուլացման և սանիտարական կանոնները ոչ ճիշտ պահպանելու հետևանք է: Այս հիվանդության դեմ պայքարելը դյուրին է: Քանի որ այն հիմնականում հանդիպում է 1-5 տարեկան երեխաների շրջանում, ապա առաջին հերթին նորածին երեխաներին պետք է կրծքով կերակրել: Սա շատ կարևոր է, և մայրերը պետք է ամեն ինչ մի կողմ դնեն և իրենց երեխաներին կերակրեն ոչ թե արհեստական կերերով, այլ կրծքով»,- ասաց Ա.Ոսկանյանը:
Մասնագետը հոչդորեց հետևել երեխաների հիգիենային, մաքուր պահել, իսկ այն սենյակը, որտեղ քնում է երեխան, մշտապես պետք է օդափոխել: Պայքարի միջոցներից մեկն էլ, ըստ նրա, պատվաստումն է: