Բավ է պառակտվել
28-03-2014 18:24

Արդյոք աղանդը նպաստու՞մ է ինքնասպանության

Աղանդավորական խմբերի բացասական ազդեցության մասին բազմիցս է խոսվել:Ամսեամիս բացվում են նոր խմբեր, որոնց բուն նպատակը չես կարողանում հասկանալ, մի բան հստակ է, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, աղանդավորական կազմակերպությունների գործունեության հետևանքով արմատախիլ է լինում բուն, Առաքելական եկեղեցու հավատքը: Սովորաբար նման խմբեր հաճախելու համար թիրախ են դառնում հոգեբանորեն ընկճված ու կենցաղային խնդիրներ ունեցող մարդիկ: Gisher.news-ի հետ զրույցում հոգեբան Բելլա Ղազարյանը նշեց, որ աղանդի հաճախելու համար դրդապատճառները տարբեր կարող են լինել: Իհարկե դրան նպաստում է բարդ հոգեբանական վիճակը, երբ մարդը կորստի ու բաժանումի ցավ է զգում:՛՛Մարդը սկսում է իրեն միայնակ զգալ, հաճախ, ընտանիքի անդամները ևս գտնվելով ծանր վիճակում չեն աջակցում միմյանց, մարդը սկսում է մխիթարանք գտնել աղանդներում, որտեղ նրան թեթևություն են խոստանում՛՛,-մեզ հետ զրույցում նշեց հոգեբանը:

Ըստ Բելլա Ղազարյանի, եթե հաշվի առնենք, որ աղանդավորական հավաքների ընթացքում մարդը ստանում է դրական զգացողություններ՝ պատկանելիություն, բավարարվածություն, հաճույք, ընդունված լինելու զգացում, բնականաբար նա անընդհատ կցանկանա վերապրել այդ զգացումները: Սա իրականում նմանվում է կախվածության:

Սովորաբար,լսելով ինքնասպանությունների մասին, հատկապես դեռահասների շրջանում, սկսվում են խոսակցությունները, թե տվյալ անձը աղանդի հետևորդ է եղել, այնտեղ են այդ քայլին դրդել, հատկապես պատանիներին ավելի հեշտ է ներքաշելը: Իսկ ըստ հոգեբանի, սեռատարիքային առանձնահատկություններն աղանդի հաճախելու համար առանձնապես դեր չունեն: ՛՛Եթե խոսքը չի գնում տարիքային ճգնաժամ ապրող կամ էլ թոշակի անցնող մարդկանց մասին: Բացի այդ մեր իրականությունն այնպիսին է, որ միայնակ կանայք ավելի շատ են, ուստի միայնակությունից դրդված կինը կարող է աղանդի հաճախել՛՛,-նշեց հոգեբան Ղազարյանը:
Անդրադառնալով կրկին ինքնասպանությունների թեմային, հոգեբանը նշեց, որ պատմությանը հայտնի են այնպիսի աղանդներ, որոնց առաջնորդները հետևորդներին ինքնասպանության հրահանգ են տվել:
՛՛Իսկ մնացած դեպքերը ոչ այնքան աղանդի ազդեցություն են որքան որ հոգեկան անհավասարակշիռ վիճակ: Մարդու հոգեկանը գտնվելով անկայուն վիճակում ցանկացած նոր գաղափար, ուժեղ հուզական վիճակ կարող է պատճառ հանդիսանալ սուցիդալ վարքի համար: Երբ այդպիսի մարդը հայտնվում է աղանդում, այնտեղ նրա համար կարող է վտանգավոր միջավայր ստեղծվել՛՛:

Աղանդի հաճախող մարդկանց ընտանիքի շատ անդամներ պայքարում են հարազատին այդ ճանապարհից ետ պահելու համար, բայց ըստ հոգեբանի փորձը ցույց է տվել, որ աղանդի հաճախող մարդուն գրեթե անհնար է համոզել հակառակը, քանի որ այնտեղ մարդը ստացել է այն հուզական բավարարվածությունը, որը նրան պակասել է կյանքում: ՛՛Սովորաբար հարազատները սկսում են կոնֆլիկտի մեջ մտնել նրա հետ, օտարանալ, այդպիսով էլ ավելի նպաստելով վերջինիս՝աղանդի մեջ ներգրավմանը: Միակ միջոցը՝ շարունակել սիրել ու ընդունել, որպեսզի նա ունենա այլընտրանքային ջերմ միջավայր՛՛:

Gisher.news-ի այն հարցին, թե պարտադի՞ր է աղանդի հաճախած մարդուն հոգեբանի օգնություն ցուցաբերել Բելլա Ղազարյանը նշեց.՛՛ Պարտադիր է այնքանով, եթե նա կցանկանա, աղանդից դուրս մնացած մարդը սոցիալական մեկուսացման մեջ է հայտնվում և հոգեբանական աջակցությունը կօգնի նրան հաղթահարել այն, վերականգնել հին կապերը և ստեղծել նորերը՛՛,-ասաց հոգեբանը ու հավելեց, որ առաջնային օգնություն և աջակցություն կարող է ցուցաբերել ընտանքիը ու մոտ ընկերական շրջապատը:


Սյուզի Ասատրյան