26-09-2015 13:12

Աշնանը սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները

Սրտաբան Մարինե Օրդյանը այսօր կայացած ասուլիսին նշեց, որ աշնանը սիրտ-անոթային հիվանդությունները սրվում են, և անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հավանական ծանր հետևանքներից խուսափելու համար: Մասնագետը նշեց, որ չնայած դեռ ամառային եղանակ է, չկան մթնոլորտային ճնշման տատանումներ, բայց արդեն իսկ մեծացել է սիրտ-անոթային հիվանդություններով բուժկենտրոններ դիմող մարդկանց թիվը: Նման խնդիր ունեցող մարդիկ այս շրջանում պետք է ավելացնեն իրենց դեղերի քանակը, սակայն դա անպայման պետք է արվի բուժող բժիշկի ցուցումով: Մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից ամենաբարձրն է ողջ աշխարհում: Մասնագետը նշեց, որ սիրտ անոթային հիվանդությունները ունեն պրոգրեսիվ ընթացք և դրանք աչքաթող անելու պարագայում բարձր է մահացության հավանականությունը: «Այս հիվանդության առաջին խմբի ռիսկի գործոններն են՝ սեռը, տարիքը և ժառանգականությունը, որոնց դեմ մենք որևէ բան չենք կարող անել, բայց կան նաև այնպիսի ռիսկի գործոններ, ինչպիսիք են՝ ճարպակալումը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ակտիվության պակասը՝ ահա այս գործոնների դեմ մենք կարող ենք պայքարել՝ առողջ սիրտ ունենալու համար»:

Մարինե Բարսեղյան