06-03-2014 15:20

«Պետպատվերի շրջանակներում բուժվող բոլոր հիվանդներին պարտավոր են տրամադրել հատուկ իրազեկման թերթիկներ».ԱՆ


Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ այս տարվա մարտի 1-ից Հայաստանում գործող բուժհաստատությունները պետպատվերի շրջանակներում բուժում ստացող բոլոր հիվանդներին պարտավոր են տրամադրել հատուկ իրազեկման թերթիկներ, որոնցում նշված են հիվանդների բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Բանախոսի տեղեկացմամբ՝ իրազեկման թերթիկի ձևն արդեն հաստատված է Առողջապահության նախարարության կողմից։ «Իրազեկման թերթիկում գրված է, որ Դուք իրավունք ունեք անվճար բուժօգնություն ստանալ, որի մեջ ներառվում են և դեղերը, և հիվանդասենյակի տրամադրումը, և մի շարք այլ բաներ։ Եթե Ձեզ առաջարկում են վճարովի ծառայություններ, իմացեք, որ բուժհաստատությունը պարտավոր է Ձեզ առաջարկել նաև նշված ծառայության անվճար տարբերակը», - տեղեկացրեց Սուրեն Քրմոյանը։