01-08-2014 14:32

Պաշտոնավարման 100 օրն ամփոփեց ՀՀ առողջապահության նախարարը

Այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները` առաջնորդվելով ՀՀ նոր կառավարության ծրագրով, ինչպես նաև հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականներով: «ՀՀ նախագահի հանձնարարությամբ և կառավարության ծրագրին համահունչ վերջին երկու ամսում նախարարությունում ակտիվ քննարկումներ են կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելու ուղղությամբ»,-նշեց ոլորտի պատասխանատուն; Այն ամբողջությամբ կարգավորելու է դեղերի շրջանառությունը, բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերի տեղական արտադրության խթանումը և այլն:
Ա.Մուրադյանը տեղեկացրեց, որ Կառավարության ծրագրով նախատեսվել է ընդլայնել սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունները։ «Ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններ տրամադրվում են միայն բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, անվճար բուժօգնության իրավունք ունեցող սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող զինծառայողներին, և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների աշխատողներին»,մանրամասնեց Ա. Մուրադյանը:
Նախարարի խոսքով՝ հուլիսի 1-ից էականորեն բարձրացել են արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների բուժանձնակազմի դրույքաչափերը: Բժիշկների ամսական բազային աշխատավարձը կազմել է 166,5 հազ. դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը` 75 հազար դրամ: «Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և նրանց բույժքույրերն ունեն ամսական մինչև 15 հազար դրամի չափով լրացուցիչ խրախուսական վարձատրման հնարավորություն՝ հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի որակը և ծավալը»,ասաց ԱՆ-ն: