Բավ է պառակտվել
21-03-2014 12:37

«Արտաքին բարդույթների հիմքում, որպես կանոն, ընկած են լինում ներքին, հոգեբանական բարդույթներ».հոգեբան

Պլաստիկ վիրահատությունների թիվը ժամանակի հետ աճում է և, անշուշտ, սրան նաև նպաստում է նորաձևությունն իր միտումներով, բայց չէ՞ որ ոչ բոլոր մարդիկ են սկսում հետևել այդ նորաձևությանը, ոչ բոլոր մարդիկ են պատրաստ հանուն նորաձև լինելու մեծացնել իրենց շուրթերը կամ կուրծքը, այսինքն, ամեն դեպքում, եթե անգամ սա լինում է նորաձևության թելադրանքով կամ ազդեցությամբ, միևնույնն է, այստեղ որոշիչ է անձը՝ իր ներաշխարհով, իր ինքնաընկալմամբ և սեփական անձի հանդեպ վերաբերմունքով: Այս ամենը հաշվի առնելով gisher.news-ուն շատ հարցեիր պատասխանների ակնկալիքով զրուցեց հոգեբան Արմինե Փաշայանի հետ: «Արտաքին բարդույթների հիմքում, որպես կանոն, ընկած են լինում ներքին, հոգեբանական բարդույթներ: Եվ կյանքի այն փուլերում, երբ ամեն ինչ շատ լավ է, մարդը երջանիկ է, ստանում է այն ամենն, ինչ ուզում է, չի կենտրոնանում իր արտաքնի վրա, ուղղակի ապրում է՝ սիրելով իրեն և հոգ տանելով իր մասին», ասաց հոգեբանը:
Մասնագետի խոսքով՝ պլաստիկ վիրաբուժության դիմող մարդը, ով ուզում է փոփոխել իր արտաքինը, հաճախ ուզում է փոփոխություն իր կյանքում, նա անկեղծորեն հավատում է, որ այդ արտաքին փոփոխությունից հետո նրա բոլոր խնդիրները, որոնք խանգարում են իրեն լինել երջանիկ, կանցնեն. «Կանցնեն շփման մեջ դժվարությունները, կհայտնվեն մի շարք երկրպագուներ, նա կգտնի իր տեղը բոլոր իրավիճակներում, բայց, ցավոք սրտի, այս խնդիրները ոչ մի կապ չունեն արտաքին տեսքի հետ, և մարդը հաճախ պլաստիկ փոփոխությունից հետո հասկանում է, որ իր կյանքում ամեն ինչ մնացել է առաջվա պես, ոչինչ այդպես էլ չի փոխվել, նա չի դարձել ավելի երջանիկ, ինչը կարող է ստիպել մարդուն գիտակցել այն խնդիրները, որոնք նա ունի և կարող է առաջ բերել դեպրեսիա»-պարզաբանեց Արմինե Փաշայանn շարունակեց. «Կամ կարող են լինել դեպքեր և շատ տարածված են դրանք , երբ մարդու մի վիրահատությանը հաջորդում է մյուսը, երկրորդը, երրորդը և այդպես էլ նա չի կարողանում գտնել այն, ինչ իրականում փնտրում է: Եվ առաջ է գալիս թվացյալ զգացողություն, որ նա կարողանում է վերահսկել իր կյանքը»: Հոգեբանը նաև նշեց, որ մարդը կարող է նաև չընդունել այն դերը, որն ունի, կյանքում, չընդունել իրեն այնպիսին, ինչպիսին, որ կա և կարծել, որ, արտաքնապես փոխվելով, կկարողանա դառնալ «ուրիշ», արդյունքում նորից բախվելով վերոնշյալ խնդրին. չէ՞ որ ՙինքդ քեզանից չես փախչի՚:
«Անշուշտ, կան դեպքեր, երբ մարդը կարող է դիմել վիրաբույժի՝ ունենալով իրական խնդիր, որի շտկումը իսկապես դրական հետևանքներ կարող է ունենալ, ես , իհարկե , չեմ խոսում այդ դեպքերի մասին»,-ընդգծեց զրուցակիցս:
Ամփոփելով զրույցը Արմինե Փաշայանն ասաց. «Պատճառներն անձի համար չգիտակցված են և հիմնականում բոլորն էլ վստահաբար նշում են, որ դա ուղղակի կրում է էսթետիկ բնույթ»: Gisher.news-ի բոլոր ընթերցողներին հոգեբանը խորհորդ տվեց. «Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է խորհրդատվություն անցնել մասնագետի մոտ, ում օգնությամբ մարդը կհասկանա, թե ինչ պատճառներ կան ընկած արտաքինը փոխելու իր ցանկության հիմքում»,-ամփոփեց հոգեբան Արմինե Փաշայան:

Տաթև Առաքելյան