Բավ է պառակտվել
17-11-2017 14:28

ՀՀ-ում բուժաշխատողների դեմ կիրառվող բռնությունը կքրեականացվի

Այսօր՝ նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել բուժաշխատողների դեմ կիրառվող բռնությունը:
Ինչպես նշել է օրինագծի հեղինակներից մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, օրենքում կատարված լրացումներով պատասխանատվություն կնախատեսվի բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
«Կյանքի համար վտանգ չներկայացնող բռնության կիրառումով բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, կամ նման բռնություն կիրառելու սպառնալիքի համար օրենքով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով»,- ասել է Թովմասյանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության կիրառմամբ, կամ նման բռնություն կիրառելու սպառնալիքով բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսվում է պատժել մեկից երկու ամիս կալանքով, կամ 2-ից 5 տարի ազատազրկմամբ:
Ինչպես քննարկման ժամանակ նշել են որոշ պատգամավորներ, այդպիսով բուժաշխատողներն այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համեմատ ավելի արտոնյալ կարգավիճակում են հայտնվում, և այդ կապակցությամբ առաջարկել են ընդլայնել ցուցակը, կամ պարզապես առանձին մասնագիտություններ չտարանջատել, քանի որ ցանկացած մարդու հանդեպ կիրառվող բռնության վերաբերյալ Քրեական օրենսգրքում կան տարատեսակ հոդվածներ, որոնք նախատեսում են պատիժ, այդ թվում նաև ծեծի, բռնության և սպանության համար:
Սակայն, ԱԺ նախագահ և հայտնի մանկաբույժ Արա Բաբլոյանը նշել է, որ երկրում բազմիցս են գրանցվել բուժաշխատողների, այդ թվում նաև շտապօգնության բժիշկների վրա հարձակումների դեպքեր:
« Բոլորն են հիշում Գյումրիի դեպքը, երբ կանչից 5 րոպե ուշացման պատճառով, ինչը պայմանավորված էր մեկ այլ հիվանդի մոտ գտնվելով, երեխայի հայրը սպանեց բժշկին: Բժիշկները մեղավոր չեն նման ուշացումների մեջ: Եթե նրանք դրա համար բռնության են ենթարկվում, ուրեմն նրանց պաշտպանության համար մեխանիզմներ են պետք»,- ասել է Բաբլոյանը:
Նա նաև ընդգծել է, որ բժիշկներն աշխատում են բավական բարդ պայմաններում, երբ հիվանդները բերվում են նյարդայնացած վիճակում: Եվ նման լարված ու արտակարգ միջավայրում էլ բժիշկը պետք է օպերատիվ կերպով կենսական նշանակություն ունեցող որոշումներ ընդունի:
«Հարկավոր է պաշտպանել բուժաշխատողներին, ճիշտ գնահատել նրանց խնդիրները, աշխատանքի հանգամանքները և պատսպարել տարատեսակ ոտնձգություններից: Կարծում եմ, որ տվյալ օրենքն ավելի շատ կանխարգելիչ բնույթ կունենա, քան իրավական»,- ասել է Բաբլոյանը: