Բավ է պառակտվել
09-06-2016 09:08

Հայաստանը լիովին կասեցրել է ՄԻԱՎ–ի տարածումը երեխաների շրջանում.ՄԱԿ

Հայաստանը, Բելառուսը, Կուբան ու Թաիլանդը կարողացել են ամբողջովին կանգնեցնել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Պան Գի Մունն ասել է, որ վերջին 15 տարվա ընթացքում երեխաների` ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերը կրճատվել են ավելի քան երկու անգամ։
«Չորս երկիր դա վերացրել է ամբողջությամբ` Կուբան, Թաիլանդը, Հայաստանն ու Բելառուսը։ Հուսով եմ, որ վարակի տարածման նոր դեպքերի զրոյական աստիճան կգրանցենք», — ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
ՄԻԱՎ-ի դեմ պայքարը 2000 թվականին ընդունված Հազարամյակների զարգացման նպատակների ցանկում էր։ Այդ ժամանակից ի վեր, ըստ Պան Գի Մունի, ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը նվազել են 35 %-ով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մահացության դեպքերը, սկսած 2003 թվականից, նվազել են 43 %-ով։
Նա նշել է, որ համաշխարհային առաջնորդների` անցյալ տարվա ընդունած Կայուն զարգացման ծրագրի նպատակն էր մինչև 2030 թվականը վերջ դնել համաճարակին։ ՄԱԿ-ի գնահատականների համաձայն` դեռևս առաջիկա 14 տարվա ընթացքում 17.6 միլիոն հիվանդացության և 11 միլիոն վաղաժամ մահացության դեպքեր են կանխատեսվում։
2000 թվականից սկսած` յուրաքանչյուր 3-4 տարվա ընթացքում հակառետրովիրուսային թերապիա ստացող մարդկանց թիվը կրկնապատկվում է դեղորայքի ցածր գների և նոր ֆինանսավորման շնորհիվ։
«Այսօր ավելի քան 17 միլիոն մարդ է բուժում ստանում, ինչը միլիոնավոր մարդկանց կյանք ու միլիոնավոր դոլարներ է փրկում»,- ասել է Պան Գի Մունը։
Նա հիշեցրել է, որ աշխարհում ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար տարեկան 26 միլիարդ դոլար է անհրաժեշտ։