23-09-2016 12:02

Հայաստանը առաջ է անցել Ռուսաստանից առողջության համաշխարհային վարկանիշում

Հայաստանը զբաղեցրել The Lancet-ի կազմած վարկանիշային աղյուսակի 86-րդ տեղը` ըստ կայուն զարգացման բժշկական 33 ցուցանիշների:

Հայաստանի հետ նույն հորիզոնականում են` Սուրինամը, Կոլումբիան և Քաթարը:

Բժշկության , կյանքի և առողջության հետ կապված կայուն զարգացման ցուցանիշների հիման վրա կազմված երկրների վարկանիշային աղյուսակը կազմվում է` ելնելով 33 ցուցաիշներից, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 0-ից (վատագույն արդյունք) 100 սանդղակով:

Երկրների դասակարգման ժամանակ կիրառված չափանիշների մեջ են մանկական և նորածնային մահացությունը, մահացությունը ՃՏՊ-ներում, երեխաների ավելորդ քաշը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման մակարդակը, ՄԻԱՎ-ով, տուբերկուլյոզով և հեպատիտ B-ով հիվանդացության ցուցանիշները, ինքնասպանությունների մակարդակը: Բացի այդ, փորձագետները դիտարկում են բռնի գործողությունների հետևանքով մահացածների քանակը և մահացությունը պատերազմներում: Յուրաքանչյուր ցուցանիշի հաշվարկը կատարվում էր 1990-2015 թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածի իրավիճակի վերլուծության հիման վրա:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսլանդիան: Առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Շվեդիան, Անդորան և Մեծ Բրիտանիան: Վերջին 188-րդ տեղը զբաղեցրել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, որտեղ գրանցվել են հիգիենայի հետ խնդիրների ամենավատ իրավիճակը և ամենաբարձր մահացությունը պատերազմներից ու մալարիայից:

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը` 61 միջին ցուցանիշով` հնարավոր առավելագույն 100-ից: Համեմատության համար աղյուսակի առաջատարները` Իսլանդիան, Սինգապուրը և Շվեդիան հավաքել են 85 միավոր: Ռուսաստանը զբաղեցնում է 119-րդ տեղը, Ադրբեջանը` 75, Վրաստանը` 106: