Բավ է պառակտվել
14-12-2015 09:53

Օրվա տևողությունը Երկրագնդի վրա երկարում է

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի վրա օրվա տևողությունը հետզհետե ավելանում է: Այս փաստը պայմանավորված է սառցադաշտերի հալոցքով, ինչը դանդաղեցնում է մոլորակի պտույտը: Իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Science Advances ամսագրում: Գիտնականները պարզել են, թե ինչպես է սառցադաշտերի մակերևույթի կրճատումն ազդում պտույտի արագության և Երկրի առանցքի վրա: Նրանց տվյալներով` վերջին մեկ դարի ընթացքում օրվա տևողությունն ավելացել է միլիվայրկյանով: Ինչպես կանխատեսում են գիտնականները, այդ գործընթացը կարագանա և XXI դարի վերջին յուրաքանչյուր օրվա տևողությունը կավելանա հինգ միլիվայրկյանով: Բացի այդ, սառցադաշտերի հալոցքի աճող տեմպը, որը տեղի է ունենում կլիմայի տաքացման պատճառով, կփոխի Երկրի առանցքը` մինչև տարեվերջ տեղաշարժելով այն մեկ սանտիմետր դեպի Հյուսիսային բևեռ: Սառցադաշտերի աճող հալոցքի հետ կապված` ավելացող ջրի ծավալն ու դրա տեղաշարժը դեպի հասարակած կստիպեն Երկրին ավելի դանդաղ պտտվել: Ավելի վաղ կլիմայի փոփոխությունների հարցերով զբաղվող միջկառավարական հանձնախումբը (IPCC) հայտնել էր, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան ավելանում է գրեթե 3 միլիմետրով, իսկ սառցադաշտերի հալոցքը, նվազագույն կանխատեսումների համաձայն, կարող են ավելանալ 15 տոկոսով: