Բավ է պառակտվել
21-11-2015 09:22

Հղիության ընթացքում սուրճ խմելը չի ազդում երեխայի IQ–ի վրա

Հղիներն առանց վախենալու կարող են չափավոր քանակությամբ սուրճ ըմպել: ԱՄՆ-ում բնակվող հղի կանանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ առույգացնող ըմպելիքը չի նվազեցնում երեխայի IQ-ն: «Մեր հետազոտության արդյունքները հուսադրող են հղի կանանց համար. նրանք օրական կարող են 1-2 բաժակ սուրճ օգտագործել կամ ըմպել կոֆեինով հագեցված մեկ ուրիշ ըմպելիք` առանց վախենալու, որ իրենց երեխաները զարգացածության աստիճանով կարող են 4-7 տարով հետ մնալ հասակակիցներից», — հայտնել է Օհայո նահանգի համալսարանի գիտնական Սարա Քայմը (Sarah Keim)։ Քայմն ու գործընկերները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով ավելի քան 20 տարի շարունակ հավաքած տվյալները, որոնք վերաբերել են երկու հազար հղի կանանց ծննդաբերության ընթացքին և նրանց երեխաների առողջությանն ու զարգացմանը։ Ինչպես պատմում են գիտնականները, ուսումնասիրություններն անցկացվել են անցյալ դարի 50-ականներին և 70-ականներին, երբ կանայք հղիության ընթացքում չէին վախենում սուրճ ըմպել և ավելի շատ էին սուրճ օգտագործում, քան այսօր: Եվ բժիշկները փորձել են պարզել, թե ինչպես է սուրճը ազդում երեխայի առողջության վրա։ Հետազոտության ժամանակ կանայք պարբերաբար արյան նմուշներ են հանձնել, և այդ նմուշները պահվել են հատուկ պայմաններում, ինչը Քայմի խմբին թույլ է տվել ուսումնասիրելով սուրճի մրուրում առկա հակաօքսիդանտներից մեկի` պարակսանտինի խտությունը և պարզել, թե որքան հաճախ են կանայք սուրճ խմել։ Մայրերի արյան հետազոտությունը համադրելով նրանց երեխաների մինչդպրոցական և դպրոցի ցածր դասարաններում դրսևորած վարքագծի ու առաջադիմության հետ՝ գիտնականները պարզել են, որ դրանց մեջ որևէ կապ չկա` IQ-ն և երեխայի այլ հատկանիշները պայմանավորված չեն այն հանգամանքով, թե որքան սուրճ է խմել մայրը հղիության ընթացքում։ Սա նշանակում է, որ կանայք հղիության ժամանակ առանց երկմտելու կարող են չափավոր քանակով սուրճ խմել, եզրակացրել են գիտնականները։