16-01-2017 12:42

Գիտնականների գնահատմամբ Լուսինը 4,51 մլրդ տարեկան է

Լուսինը ձևավորվել է 4,51 մլրդ տարի առաջ. Արեգակնային համակարգի ձևավորումից ընդամենը 60 մլն տարի հետո:
Այս թիվը չորեքշաբթ օրը հայտնվել էր Science Advances («Գիտության նվաճումներ») ամսագրի էջերին: Բացահայտման հեղինակները Կալիֆորնիական համալսարանի գիտաշխատողներն են:
Համաձայն նախորդ հաշվարկների, Երկիր մոլորակի արբանյակի կազմավորումը տեղի է ունեցել Արեգակնային համակարգի ձևավորումից 150-200 մլն տարի անց՝ չափսերով Մարս մոլորակին մոտ տիեզերական օբյեկտի՝ Երկիր մոլորակին բախվելու հետևանքով: Կամ էլ մի քանի, ավելի փոքրածավալ տիեզերական օբյեկտների հետ Երկրի բախման հետևանքով:
Հոդվածում նշվում է, որ « Չնայած Լուսնի տարիքի վերաբերյալ հարցի կարևորությանը, նախկինում այդ հարցին ճշգրիտ պատասխան չի տրվել»:
«Մենք վստահ ենք, որ Լուսնի տարիքի նման գնահատականը լիովին հիմնավորված է»,- այս մասին Space.com ինտերնետ պորտալի հետ զրույցում ասել է մասնագետների խմբի ղեկավար, Կալիֆորնիական համալսարանին կից մոլորակային հետազոտություների բաժնի աշխատակցուհի Մելանի Բարբոնին: Նրա խոսքերով Լուսնի տարիքի գնահատումն արվել է 1971 թվականին «Ապոլլոն-14» տիեզերանավի անձնակազմի անդամների՝ ամերիկացի տիեզերագնացների կողմից Լուսնի մակերեսից հավաքված նմուշների անալիզի արդյունքում:
«Թվարկությունը որոշելու համար մենք օգտագործել ենք ցիրկոն հանքանյութը, որը կարելի է լավագույն «ժամանակի պատիճ» համարել», նշել է նա, և հավելել, որ տվյալ հանքանյութը առաջացել է Լուսնի մակերեսին մագմայի սառչելու հետևանքով:
Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են, թե այդ հանքանյությում պարունակվող ուրանի որքան մասն է վերածվել կապարի: Երկրաբանական օբյեկտների տարիքը որոշելիս այս մեթոդը ամենավստահելիներից մեկն է, քանի որ տվյալները ուսումնասիրվում են կիսատրոհման ՝ ուրան 235 և ուրան 238 երկու շղթաներով: Հենց այդ ինֆորմացիայի վրա հիմնվելով էլ գիտնականները եկել են եզրահանգման, որ Երկիր մոլորակի արբանյակը ձևավորվել է 4,51 մլրդ տարի առաջ: Այս թվի անճշտությունը կարող է լինել 10 մլն տարի՝ ավել կամ պակաս:
Հետազոտողի խոսքերով ստացված արդյունքները հետաքրքրություն են ներկայացնում բոլոր այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են Երկիր մոլորակի, Լուսնի և Արեգակնային համակարգի ուսումնասիրությամբ:
Լուսնի տարիքի մասին տեղեկությունները « բանալի են Երկրի ձևավորման և էվոլյուցիայի գործընթացը հասկանալու համար»,- ընդգծել է Մելանի Բարբոնին: