03-10-2016 13:27

ԳԼՈՆԱՍՍ կայանը կգործի Հայաստանում մյուս տարվանից

2017-ի աշնանից սկսած՝ Հայաստանում կարող է գործել ԳԼՈՆԱՍՍ կայան: Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոս» ռուսական պետական ընկերության Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Վիկտոր Կրիվոպուսկովը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ԳԼՈՆԱՍՍ-ի գործարկումը սկզբունքորեն կընդլայնի տրանսպորտի, բժշկության եւ աղետների կանխման ոլորտում տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը:

«Ամենայն հավանականությամբ՝ եկող տարի մոտավորապես այս ժամանակ կայանն արդեն կգործի: Այն կլինի ԳԼՈՆԱՍՍ կայանների համակարգում և կշահագործվի առնվազն 30 տարի»,- ասել է Կրիվոպուսկովը:

Նմանատիպ կայանի կառուցումը Բելառուսում սկսվել է 2016 թ.: Բանակցություններ են ընթանում կայանների Նիկարագուայում և Ղազախստանում կառուցման ժամկետների վերաբերյալ:

ԳԼՈՆԱՍՍ-ը գլոբալ տեղորոշման արբանյակային համակարգ է: Սա ներկայումս երկու գործող գլոբալ տեղորոշման համակարգերից մեկն է: ԳԼՈՆԱՍՍ-ի զարգացմամբ աբաղվում է «Ռոսկոսմոսը» և «Ռուսաստանի հրթիռային և տիեզերական սարքավորումների և տեղեկատվական համակարգերի կորպորացիան»: Մինչև 2017 թ. համակարգի բաժնետեր կդառնա «Ռոստելեկոմ» ընկերությունը: