Բավ է պառակտվել
05-09-2017 11:02

Ռուս գիտնականները «մարդկային» աչքերով նեյրոցանց են ստեղծել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Բնագիտության մաթեմատիկական խնդիրների ինստիտուտի գիտնականները ստեղծել են նեյրոցանց, որը կառավարում է իր «հայացքը», և ընկալվող պատկերի վրա օբյեկտներ է փնտրում գրեթե նույն կերպ՝ ինչ կերպ որ դա անում են մարդու տեսողական օրգաններն ու ուղեղը: Այս մասին ասված է «Neural Networks» ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մշակված մոդելը պարզ և անսպասելի լուծում է առաջարկում փնտրելու բավականին բարդ, ճանաչողական ընթացքի և մեր աչքերի կողմից ընկալվող պատկերի վրա առկա օբյեկտների ճանաչման համար»,- նշում է Պուշինոյի ՌԳԱ բնագիտության մաթեմատիկական խնդիրների ինստիտուտից Յակով Կազանովիչը:
Նրա խոսքերով, իր թիմի ստեղծած նեյրոցանցը նեյրոֆիզիոլոգներին կօգնի պարզել, թե ինչպես է աշխատում մարդու տեսողությունը:
Վերջին տասը տարում հարյուրավոր ծրագրավորողներ և տասնյակ խոշոր IT- ընկերություններ անսահման քանակության մեքենայական տեսողության համակարգեր են ստեղծել, որոնք ունակ են ճանաչել պատկերի վրա առկա օբյեկտները և դասակարգել դրանք:
Ժամանակակից ռոբոտները, փնտրող սարքերն ու դրոնները այդ տեղեկությունները կարող են օգտագործել ամենատարբեր նպատակների համար, օրինակ՝ խոչընդոտները հաղթահարելու կամ ծանրոցը հասցնելիս հաճախորդին փնտրելու համար:
Չնայած այս ոլորտում գործադրված հսկայական ջանքերին, գիտնականները մինչ օրս փաստացիորեն ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչպես է աշխատում մարդու և կենդանիների տեսողությունը, և թե ինչպես է մեզ հաջողվում ավտոմատ կերպով դասակարգել և բացահայտել նույնիսկ այն օբյեկտները, որոնք մենք նախկինում երբեք չենք տեսել:
Այդ պատճառով, ինչպես նշում է Կազանովիչը, մարդկային գիտակցության, իրականության և տեսողության ընկալումների շատ նրբություններ նեյրոֆիզիոլոգների և հոգեբանների համար դեռևս հանելուկ են մնում:
Օրինակի համար, գիտնականները բավականին վաղուց են վիճում, թե ինչու է մարդը շատ արագ հայտնաբերում «հակադրության» մեջ գտնվող օբյեկտները՝ իրարից տարբեր բազմաթիվ այլ կառուցվածքներից, բայց միևնույն ժամանակ նրա համար դժվարություն է հանդիսանում իրար նման մի քանի օբյեկտների մեջ թաքցված մի քանի ֆիգուրներ փնտրելիս:
Կազանովիչն ու նրա կոլեգա Ռոման Բորիսյուկը ստեղծելով արհեստական ինտելեկտի համակարգ, որն այդ խնդիրների լուծման ժամանակ իրեն միանգամայն դրսևորում է ինչպես մարդը, այդ խնդրի լուծմանն ուղղված մեծ քայլ են կատարել:
Գիտնականների խոսքերով դրա գլխավոր յուրահատկությունը հանդիսանում է այն, որ դա բախկացած է իրարից հարաբերական անկախության մեջ գտնվող բազմաթիվ կառուցվածքներից՝ այսպես կոչված «անսամբլներից», որոնցում առկա նեյրոնները հատուկ տատանումներ են մշակում: Այդ կառուցվծքներից մեկը վերածվում է յուրատեսակ «դիրիժորի», որը ղեկավարում է մյուս «անսամբլների» աշխատանքը և նրանց առաջադրանքներ է տալիս, իսկ մյուս անսամբլներն ըստ էության այնպիսի օբյեկտներ են հանդիսանում, որոնց նեյրոցանցը «տեսնում» է պատկերի վրա:
« Անսամբլները» անընդմեջ մրցում են միմյանց հետ՝ «դիրիժորի» և ընդհանուր առմամբ ողջ նեյրոցանցի վրա ազդեցություն ստանալու համար: Այն, թե ինչպես է ընթանում այդ մրցակցությունը, ինչպես ցույց են տվել Կազանովիչի փորձերն ու հաշվարկները, գրեթե իդեալական կերպով արտացոլում է մարդու տեսողության աշխատանքի սկզբունքը և նման է «հակադրության» տարբեր մակարդակի օբյեկտներ որոնելիս պատկերի վրայով մեր հայացքի «սահելուն»:
Գիտնականները հույս ունեն, որ այդ մոդելը նեյրոֆիզիոլոգներին կօգնի ոչ միայն նմանատիպ կառուցվածքներ հայտնաբերել մարդու և կապիկների ուղեղում, այլ նաև հասկանալ, թե ինչպես են դրանք աշխատում, ինչն էլ մեզ կմոտեցնի մեքենայական տեսողության «բնական» համակարգերի ստեղծմանը: