Բավ է պառակտվել
09-02-2017 18:38

Լուսնի ծագումը ստուգել են՝ համեմատելով առաջին ատոմային պայթյունի հետ

Ամերիկացի և ֆրանսիացի գիտնականները ընդհանրություններ են նկատել ատոմային ռումբի առաջին պայթյունի և լուսնի կազմավորման միջև: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում: Այդ մասին համառոտ տեղեկություն է հայտնում Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանը (ԱՄՆ):
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ Երկիր մոլորակի հետ հսկա երկնային մարմնի բախման ժամանակ, որի արդյունքում առաջացել է Լուսինը, թեթև ատոմները արտանետվել են տիեզերք, իսկ ծանրները նստել են Երկիր մոլորակի նոր ծնված արբանյակի մակերևույթին:
Նման եզրահանգման գիտնականները եկել են վերլուծելով 1945 թ. Նյու Մեքսիկոյի Ալամոգորդո փորձավայրում տեղի ունեցած առաջին ատոմային զենքի փորձարկման արդյունքները:
Պայթյունի արդյունքում ստեղծվել են ճնշումներ (երկու հազար մթնոլորտային ճնշում), և ջերմաստիճաններ ( Ցելսիուսի սանդղակով 1,3 հազ. աստիճան ), որոնք առավել մոտ են մոլորակի և երկնաքարի բախման ժամանակ առաջացած ճնշմանն ու ջերմաստիճանին:
Փորձարկումից հետո առաջացած ապարների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցում պարունակվող ցինկի իզոտոպների բաժինը ավելանում է պայթյունի էպիկենտրոնից հեռվանալիս: Մյուս կողմից ծանր մետաղների քանակը նույն ուղղությամբ նվազում է:
Apollo, առաքելությունների միջոցով Լուսնի վրայից երկիր բերված հողի նմուշներում՝ Երկիր մոլորակի նմուշների հետ համեմատած, ծանր իզոտոպներն ավելի շատ են պարունակվում, քան թեթևները:
Այդպիսով, մասնագետների աշխատանքը հաստատում է Լուսնի կազմավորման վերաբերյալ տարածված թեզը, ըստ որի Լուսինը կազմավորվել է Երկիր մոլորակի հետ ինչ-որ հսկա երկնային մարմնի (Տեյա մոլորակի)բախման արդյունքում: