08-06-2017 12:46

Հստակեցվել է ստորգետնյա հսկայական օվկիանոսի ջրերի քանակը

Երկրաբանների միջազգային խումբը գնահատել է Երկիր մոլորակի ստորգետնյա հսկայածավալ օվկիանոսի ջրի պաշարները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է «Science Advances» ամսագրում:
Երկիր մոլորակի մակերեսի տակ, 410-ից 660 կմ. խորության վրա, վերին միջնապատյանը ստորինից բաժանող շերտում գիտնականների հաշվարկների համաձայն պարունակվում է այնքան ջուր, որքան կա Համաշխարհային օվկիանոսում:
Գիտնականների հաշվարկները հիմնված են մոլորակի միջնապատյանում պարունակվող միներալների՝ մասնավորապես ռինգվուդիտի համար անհրաժեշտ պայմանների մոդելավորման վրա: Պարզվել է, որ տվյալ հանքանյութի մեջ ջրի ավելացումը (1-2 տոկոս ըստ ծավալի) նրան դիտվող մածուցիկություն է հաղորդում:
Մարտ ամսին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի երկրաքիմիկոսները Երկիր մոլորակի մակերևույթի տակ, 410-660 կմ. խորության վրա արխեյան ժամանակաշրջանի(2,7 մլրդ. տարի տարիքով) օվկիանոս են հայտնաբերել, որի ծավալը (բայց ոչ զանգվածը), նրանց գնահատականներով, մի քանի անգամ գերազանցում է Համաշխարհային օվկիանոսի չափսերին: Հսկայական ջրամբարը տեղակայված է երկրակեղևի տակ: Այն կազմավորվել է հնագույն ժամանակներում՝ մեծ ճնշումների և ջերմաստիճանների (1530 աստիճան ըստ Ցելսիուսի) պայմաններում: Նրանում եղած ջուրը ներփակված է հանքանյութերի բյուրեղյա կառուցվածքում: