08-06-2017 12:29

Ծիր Կաթինը գտնվում է հսկայական տիեզերական դատարկության մեջ

ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականների միջազգային խումբը եկել է եզրակացության, որ Ծիր Կաթին գալակտիկան գտնվում է վոյդի (Void- դատարկություն)՝ տիեզերական հսկայական դատարկության մեջ: Աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ամերիկյան տիեզերագիտական միության կոնֆեռանսին:
Վոյդերը տիեզերքի հսկայածավալ էլեմենտներից մեկն են: Դրանք գտնվում են գալակտիկական կուտակումների կողմից առաջացած թելերի միջև:
Այդ վոյդերը կարող են լինել տարբեր չափսերի՝ սկսած 40 մեգապարսեկից (մոտավորապես 130 միլիոն լուսային տարի), մինչև մի քանի հարյուր մեգապարսեկ: Վոյդերի մեջ տեսանելի մատերիայի խտությունը տիեզերքի միջին չափանիշից շատ ավելի ցածր է:
Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ Ծիր Կաթինը տեղակայված է «KBC »կոչվող վոյդում: Այդ դատարկությունը լայնակի կարող է հասնել մոտ մեկ միլիարդ լուսային տարու, ինչն այն դարձնում է ամենամեծ տիեզերական գոյացություններից մեկը:
2015թ. «Hubble» տիեզերական աստղադիտակը լուսանկարել էր MCG+01-02-015 պարուրաձև աստղային համակարգը, որը գտնվում է վոյդի ներսում: Եթե նրա տեղում գտնվեր Ծիր Կաթինը , ապա մյուս գալակտիկաները աստղագետների կողմից կհայտնաբերվեին միայն գերբարձրտեխնոլոգիական սարքավորումների ստեղծման պարագայում: