Բավ է պառակտվել
10-11-2014 20:13

Քննարկվել են Microsoft-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում Microsoft-ի հետ:
«Մեր համագործակցության շրջանակում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը և սկսնակ ընկերությունների ձևավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ կարևոր նախաձեռնություններից է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է Microsoft-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: «Հայաստանի հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի և բազմաթիվ երկրներ հետաքրքրված են ձեր երկրի անցած ուղով»,- ասել է Մարկ Դեյը: Նա ընդգծել է, որ Microsoft-ը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ և շեշտել Հայաստանի հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցերի ևս: