Բավ է պառակտվել
30-08-2016 11:10

Ի՞նչ օրգանիզմներ կարող են գոյատևել Պրոքսիմա Ցենտավրի b-ում ուլտրամանուշակագույն կոշտ ճառագայթման տակ

Օգոստոսի 24-ին Հարավային եվրոպական աստղադիտարանի գրասենյակում (Գերմանիա) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում աստղագետների միջազգային խումբը հայտարարեց նոր էկզոմոլորակի հայտնաբերման մասին։ Նման հարյուրավոր մոլորակներ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջ, հայտնաբերվել ու հայտնաբերվում են, սակայն Proxima b-ն (աստղագետները այսպես են անվանել նոր մոլորակը) ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ։ Առաջինը՝ այն պտտվում է Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ։


Կենտավրոսի Պրոքսիման Ալֆա Կենտավրոս համակարգի երեք աստղերից մեկն է։ Այս աստղի զանգվածը 8,3 անգամ փոքր է Արեգակի զանգվածից, իսկ ջերմաստիճանը կազմում է 2800 կելվին՝ երկու անգամ քիչ, քան մեր լուսատուինը։ Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկների դասին պատկանող աստղ է, գտնվում է Երկրից 4,23 լուսատարի հեռավորության վրա՝ հանդիսանալով մեզ ամենամոտ աստղը՝ Արեգակից հետո։
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Proxima b-ն պատկանում է այսպես կոչված «երկրատիպ» մոլորակների դասին․ հայտնաբերվող էկզոմոլորակների զգալի մասը գազային հսկաներ են, որոնց զանգվածը զգալիորեն ավելի մեծ է Երկրի զանգվածից։ Երկրանման մոլորակներն ունեն մեծ խտություն ու բաղկացած են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից։ Կարծիք կա, որ երկրանման մոլորակների պայմաններն ավելի բարենպաստ են նրանց վրա կյանքի առաջացման համար։ Այսպիսով, աստղագետները հայտնաբերել են մոլորակ, որի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1,27-ը ու որը մեզ ամենամոտ երկրատիպ էկզոմոլորակն է։ Proxima b-ի շառավիղն առայժմ հայտնի չէ, այն մեկ պտույտն աստղի շուրջ կատարում է 11,2 օրում՝ գտնվելով լուսատուից 20 անգամ ավելի մոտ հեռավորության վրա, քան Երկիրը՝ Արեգակից։


Վերջապես, ամենակարևոր հանգամանքը․ հաշվի առնելով Proxima b-ի հեռավորությունն աստղից, ինչպես նաև՝ աստղի զանգվածն ու ջերմաստիճանը, աստղագետները կարծում են, որ մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելիության գոտում։ Բնակելիության գոտին, կամ «Ոսկեծամիկի գոտին» իրենից ներկայացնում է պայմանական շրջան տիեզերքում, սահմանված այն հաշվարկից, որ այդ շրջանում գտնվող մոլորակների մակերևույթի պայմանները մոտ են Երկիր մոլորակի պայմաններին և ապահովում են հեղուկային ֆազայում ջրի առկայությունը։ Ավելի պարզ․ եթե մոլորակը գտնվում է այդ գոտում, ավելի մեծ է նրա մակերևույթին հեղուկ ջրի առկայության հավանականությունը, ինչը կյանքի առաջացման գլխավոր նախապայմանն է։ Կենտավրոսի Պրոքսիմայի համար այդ շրջանը համապատասխանում է 4-ից 15 օր պտույտի շրջափուլ ունեցող մոլորակներին։ Եթե Proxima b-ն մթնոլորտ չունի, ապա նրա հավասարակշիռ ջերմաստիճանը գնահատվում է -40 աստիճան Ցելսիուսի սանդղակով․ Երկրի համար այս գնահատականը կազմում է -20 աստիճան։


Բնականաբար, այն, որ Proxima b-ն գտնվում է բնակելիության գոտում, դեռ չի նշանակում, որ մոլորակի վրա կյանք կա։ Աստղերին այսքան մոտ տեղակայված մոլորակների վրա կյանքի առկայությունը խիստ կասկածելի է․ կարմիր թզուկները բավականին ակտիվ աստղեր են, բացի այդ՝ հեռավորության պատճառով աստղից արձակվող ռենտգենյան ճառագայթումը 400 անգամ ավելի ուժեղ է, քան Երկրի վրա։ Աստղի ուժեղ մագնիսական դաշտն ու մակընթացային ուժերը բերում են նրան, որ Proxima b-ն թեքված է դեպի աստղը միայն մեկ կողմով։ Գիտնականները, սակայն, նշում են, որ ոչ մի պատճառ չկա կարծելու, թե մոլորակը զուրկ է մթնոլորտից, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել հեղուկ ջրի առկայության ու կյանքի առաջացման համար։


Գիտնականների խոսքով՝ Proxima b-ում կարող են ֆլուորեսցենցիոն օրգանիզմներ բնակվել: Որպես կանոն՝ Երկրի վրա դրանք բնակվում են ջրում եւ պարունակում են սպիտակուցներ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորվել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ:
Աստղագետները ենթադրում են, որ էսկզոմոլորակի պայմաններում նման լուսավորումը պետք է բավական ինտենսիվ լինել, որպեսզի հնարավոր լինի արձանագրել դա:
Ավելի վաղ հետազոտողները, հաշվի առնելով Proxima b-ի մասին վերջին տվյալները, ենթադրում էին, որ դրան կարող է ուժեղ ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթում հասնել: