18-09-2014 15:22

Հայաստանում կիբերհանցագործության զոհ հիմնականում կանայք են դառնում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նման հանցագործությունների աճն ակնհայտ է:
Ըստ նրա՝ ոչ միայն այս ոլորտի հանցագործություններն են աճում, այլ նաև դիմելիության մակարդակը:
՛՛Ավելորդ է մանրամասնել կիբերհանցագործության պատճառները: Միայն կազմակերպված հանցավորության դեմ վարչությանն են դիմել 224 քաղաքացի միայն 2013-2014 թվականներին՛՛,-ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներում արձանագրել են գործարար նամակագրության մեջ մտնելու դեպքեր, ինչպես նաև սիրախաղի միջոցով հափշտակումները, որոնք ամենաշատն են:
Ըստ բանախոսի՝ հիմնական զոհերը երիտասարդ կանայք են: Արձանագրվել են նաև ավտոմեքենաների առևտրի գործում խարդախությունների դեպքեր: Մեքենայի իրական արժեքը հարյուր հազար դոլար է, անձը փորձել է ձեռք բերել ավելի էժան և դարձել խարդախության զոհ: Նա նաև տեղեկացրեց, որ 2013-2014 թվականներին, ընդհանուր առմամբ, նմանատիպ 103 դեպք է արձանագրվել:
Արձանագրվել են նաև մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու, պոռնկական նյութեր տարածելու դեպքեր: Դրանք հիմնականում կատարվում են նախապես մշակված ձևերով: 2013-ին արձանագրվել է անառակաբարո գործողությունների երկու դեպք, երկու դեպքում էլ հանցագործությունը սկիզբ է առել սոցիալական ցանցով, նամակագրությամբ: Մեկ այլ դեպքում հանցավորի աշխատանքն առնչվել է երեխաներին:
«Եզակի են պոռնկագրական նյութերի տարածումներն «am» տիրույթում: Մենք պարբերաբար դիտարկումներ ենք իրականացնում, հիմնականում թիրախային այն կայքերն են դիտարկվում, որոնց միջոցով հնարավոր է հանցագործության մասին տեղեկություն ձեռք բերել»,- ասաց նա։
Տիգրան Պետրոսյանը նաև խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել, թե երեխաներն ինչպես են համացանցից օգտվում: Պետք է ժամանակ առ ժամանակ դիտարկել, թե երեխաները համացանցում ինչով են զբաղվում:
Անդրադառնալով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի «օնլայն սկանդալին»՝ տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Իրենց կողմից ստացված հաղորդագրության հիման վրա նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ: Մնացած բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն փորձաքննությունից հետո: