21-01-2014 15:00

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս գիշեր հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք և տեղադրել նախորդ գիշեր Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը միշտ հունվարի 20-21-ին հայկական կայքերի վրա հարձակումներ է իրականացնում, քանի որ այդ օրերին հայկական ջարդերից հետո ռուսական կարմիր բանակը մտավ Ադրբեջան:
«Մի քանի շաբաթ նրանք կլռեն, քանի որ նախապատրաստվում են օրացույցային հաջորդ օրվան՝ Խոջալուի դեպքերի հետ կապված: Այս տարի նրանք կոտրեցին շուրջ 60 կայք, բայց սրանց մեջ մտնում են նաև նույն կայքի տարբեր հասցեները, սակայն անցած տարի հարձակումն ավելի ուժեղ էր»,- ասաց նա: Փորձագետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են կոտրել Արցախի պետական կայքերը, ինչի փաստում է դրանց խոցելի լինելու մասին:
«Որքանով որ պաշտպանված են ՀՀ-ի պետական կայքերը, այդքանով տխուր վիճակում է գտնվում Արցախի պետական ցանցը: Այս անգամ էլ 5 կայք էր թիրախ դարձել: Դրանցից մի քանիսը մինչև հիմա վերականգնված չէ: Մի մասը անջատել են, մինչև հասկանան ինչ է կատարվում: Պետք է նրանց շնորհակալ լինել, որ ցույց են տալիս մեր թերությունները»,- ասաց նա: