07-02-2014 14:13

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեցին, որ պահանջարկից ելնելով ձևավորվել է համացանցում հայատառ գրելու մշակույթ: Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր է հայտարարվել:
Նախաձեռնության հեղինակ Գագիկ Եգանյանը նշեց, որ ցավալին այն է՝ արդեն դպրոցներում աշակերտները լատինատառ են գրում. ՛՛ Ես մի դեպք գիտեմ, երբ ուսուցիչն ինձ ցույց տվեց աշակերտի տետրը, ով լատինատառ գրել էր dzez, նման օրինակների հետևանքով մենք նախաձեռնեցինք համացանցում հայատառ գրելու օր՛՛:
Ըստ Եգանյանի լավ կլիներ, որ պաշտոնապես այս օրը նշանակվեր համացանցում հայատառ գրելու օր: Սակայն տեսակետի հետ համամիտ չէ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, նա նշեց, որ բնավ չարժե ամեն ինչ պաշտոնականացնել, քանի որ ինչ պաշտոնականացնում ենք, սիրում ենք միայն այդ օրը, թող էտպես էլ մնա:
Ըստ Քոչարյանի հայատառ գրելու պարագայում խնդիր կա, կան մարդիկ, որոնց համակարգիչներով չի լինում հայերեն տառերը կարդալ, դա տեխնիկական խնդիր է:
Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մոտ 8 տարի առաջ էլ մարդիկ միայն լատինատառ էին գրում, սակայն աստիճանաբար սովորեցին հայերեն տառերին, սակայն հիմա էլի կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ ինտերնետը տեղափոխվում է հեռախոսներ ու պլանշետներ, վերջիններս հայատառ չեն:
Մարտիրոսյանը նկատեց, որ անգամ որոշ գրական գործեր լատինաֆիկացվել են, ըստ նրա դա աբսուրդ նորամուծություն է: Սակայն դա արվել է այն բանի համար, որովհետև օգտատերերի 40 տոկսոը ինտերնետից օգտվում է հեռախոսից կամ պլանշետից: